Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում հունվարի կեսից կերթևեկեն նոր հանրային ավտոբուսներ

Երևանում հունվարի կեսից կերթևեկեն նոր հանրային ավտոբուսներ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 2021-ի հունվարի երկրորդ կեսից կերթևեկեն նոր հանրային ավտոբուսներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեսանյութով մանրամասներ է հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի ավտոբուսների առաջին խմբաքանակը արդեն Երևանում է:

Մարությանը հիշեցրել է, որ տարվա սկզբին հայտարարվել է ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների մրցույթ: «Ցավոք սրտի, մրցույթը չկայացավ, դա պարզվեց ամռանը, երբ բացեցինք մրցույթի արդյունքները: Հավանաբար, այս համավարակի պատճառով էր, ընկերությունները պատրաստ չէին մասնակցելու: Մասնակցեց ընդամենը 2 ընկերություն, սակայն երկուսն էլ չէին համապատասխանում այն պահանջներին, որ մենք դրել էինք: Որպեսզի գործընթացը կանգ չառնի, ես որոշեցի, որ պետք է ձեռք բերենք մեր համայնքային բյուջեով՝ տնտեսված և նոր հավաքագրված գումարներով: Միանգամից հայտարարվեց  կոմպակտ դասի 100 ավտոբուսի մրցույթ: Մրցույթը կայացել է, հաղթողը կա, և մատակարարումն այս պահին սկսվել է»,-ասել է քաղաքապետը:

Դեկտեմբերին կմատակարարվի 30 կոմպակտ դասի ավտբուս, հունվարին  կլինի ևս 30-ը, փետրվարին՝ 40-ը: Այդ ավտոբուսները փուլային ձևով կմտնեն ցանց և կսպասարկեն քաղաքացիներին: Քաղաքապետի խոսքով՝ առաջին 30 ավտոբուսները Երևանի փողոցներում կհայտնվեն հունվարի կեսին կամ մի փոքր ավելի ուշ:

Մրցույթը շահել է ռուսական «Գազ» ընկերությունը, որը ներկայացրել է 2020 թվականի իր վերջին մոդելը:

Ավտոբուսները ցածր հատակով են: Հնարավորություն կա հատակն ավելի ցածրացնել, որն էլ թույլ է տալիս մանկասայլակով հեշտությամբ մուտք գործել ավտոբուս: Ավտոբուսում կա հատուկ տեղ, որտեղ կարելի է մանկասայլակով կանգնել: Մարությանի վստահեցմամբ՝ ավտոբուսները կահավորված են այնպես, որ հաշմանդամություն ունեցող անձինք նույնպես մուտքի և ելքի ոչ մի դժվարություն չունենան:

Դեկտեմբերի 17-ին համայնքային միջոցներով մրցույթ է հայտարարվել նաև միջին տարողության՝ 8,5 մետր երկարության 161 հատ ավտոբուսի գնման համար:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]