Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմավիր քաղաքում 2020-ին կատարված շինարարությունն աննախադեպ է վերջին 25 տարում. քաղաքապետ

Արմավիր քաղաքում 2020-ին կատարված շինարարությունն աննախադեպ է վերջին 25 
տարում. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիր քաղաքում այս տարի իրականացված շինարարական աշխատանքներն իրենց ծավալով գերազանցում են վերջին 25 տարում կատարված շինարարությանն  ամբողջությամբ վերցրած: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ պետական հատկացումներով և համայնքային բյուջեի միջոցներով կապիտալ շինարարության աշխատանքների այս տարվա ծավալը կազմում է 1 միլիարդ 300 միլիոն դրամ: Քաղաքում ավելի քան 95 տոկոսով իրականացվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված բարեկարգման աշխատանքները:

«Չնայած տարին ճգնաժամային էր, այդուհանդերձ մեզ հաջողվել է սահմանված ժամանակացույցով իրականացնել շինարարական աշխատանքների ծավալը: Սուբվենցիոն ծրագրով կապիտալ վերանորոգվել են բազմաբնակարան 12 շենքերի բակային ու միջբակային տարածքներ, Արմավիրի կենտրոնական նշանակության մի շարք փողոցների ճանապարհներ՝ այդ թվում Երևանյան, Չարենցի և Ջիվանու փողոցներն ու իրար կապող բանուկ հատվածները»,-մանրամասնեց քաղաքապետը:

Մյուս կարևոր ծրագիրը մոտ 10 կիլոմետր երկարությամբ փողոցային լուսավորության անցկացումն էր: Այդ աշխատանքները նույնպես արդեն ավարտին են մոտենում: Արմավիրում այս տարի լուսավորվել է ավելի քան 15 փողոց: «Մինչև տարեվերջ նախատեսում ենք լուսավորություն ապահովել ևս 10 փողոցում: Ընդ որում՝ փողոցների լուսավորության համար կիրառվում են ժամանակակից, էներգախնայող լուսատուներ: Լուսավորության ցանցի ստեղծման 80 տոկոսը, ինչպես նաև բակային հատվածների ասֆալտապատման աշխատանքների մեծ մասն ընդգրկում են Արմավիրի ծայրամասային փողոցները»,-ասաց Խուդաթյանը:

Արմավիրցիներին մտահոգող խնդիրներից է նաև խմելու ջուրն ու  ջրամատակարարման ցանցի վերանորոգումը: «Այս ընթացքում քաղաքի ջրամատակարարման ընդհանուր ցանցն արդիականացրել ենք: Միջբակային տարածքների բարեկարգման աշխատանքներին զուգահեռ՝   փոխվում է նաև ջրամատակարարման ցանցը: Մասնավորապես, Երևանյան փողոցում անցկացվել է մոտ 2 կիլոմետրանոց խմելու ջրի նոր համակարգ: Քաղաքն ունի շուրջօրյա ջրամատակարարում: Բնակչության դժգոհությունները հիմնականում պայմանավորված են մատակարարվող արտեզյան աղբյուրի ջրի որակով: Այդ ջուրը բաղադրությամբ խմելու է, սակայն որակով զիջում է բնական աղբյուրների ջրերին: Այդ խնդրի լուծման ուղղությամբ հաշվարկներ իրականացվել են, սակայն գործնական քայլեր առայժմ չկան, որովհետև բավականին մեծ ընդգրկում ունեն: Գալիք տարի նախատեսված են մի շարք փողոցների ներքին ջրագծերի հիմնանորոգման աշխատանքներ: Արդյունքում՝ էականորեն կբարձրանա և ջրի որակը, և կնվազեն՝  կորուստները»,-նշեց քաղաքապետը:

Անդրադառնալով Արմավիրում առաջիկայում նախատեսվող շինարարական նորություններին՝ Խուդաթյանը նախ տեղեկացրեց, որ ընթացիկ տարում  աշխատանքներ են իրականացվել  նաև քաղաքապետարանի հարակից այգում: «Այստեղ հողային ու սալիկապատման աշխատանքները գրեթե ավարտվել են: Մյուս տարի կտեղադրվեն նստարաններ ու աղբարկղեր, ինչպես նաև ջրային մակերևույթ կստեղծվի: Կարծում եմ՝ գալիք տարվա գարնանն այդ աշխատանքները նույնպես կավարտվեն: Մյուս կարևոր աշխատանքը, որը նախատեսվում է մասնավորի հետ համագործակցությամբ, քաղաքի կենտրոնական զբոսայգում մանկական ատրակցիոնների տեղադրումն է: Այգին ամբողջությամբ հագեցած է լինելու մանկական ժամանակակից ատրակցիոններով: Համավարակի պատճառով այդ աշխատանքները մի փոքր հետաձգվեցին, սակայն կառուցապատողը վստահեցնում է, որ եկող տարվա գարնան սկզբին այգին ամբողջությամբ պատրաստ կլինի շահագործման: Բացի այդ, 2021 թվականին նախատեսված է առնվազն 2 կենտրոնական փողոցների հիմնանորոգում: Նախատեսել ենք առնվազն 6 շենքի բակային տարածքների վերանորոգում: Բակային տարածքների վերանորոգման ուղղությամբ այժմ հաշվարկներ են իրականացվում և չի բացառվում, որ այդ հնարավորություններն ավելի մեծ լինեն: Կշարունակենք նաև լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքը: Կարծում եմ արդեն 2021 թվականի վերջում Արմավիր քաղաքում չենք ունենալու չլուսավորված հատվածներ»,-ասաց մեր զրուցակիցը:

Կարևորելով Արմավիր քաղաքի բնակչության կենսական խնդիրների լուծմանն ուղղված շինարարությունը՝ քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը նշեց, որ 2020 թվականի ընթացքում հիմնանորոգվել են փողոցներ, որոնք վերջին անգամ նորոգվել էին 1970-80-ական թվականներին:

«Մասնավորապես՝ Երևանյան փողոցով անցնող ավտոճանապարհը նաև հանրապետական նշանակություն ունի, որի հիմնանորոգումը հնարավորություն ընձեռեց կտրուկ նվազեցնել երթևեկության ծանրաբեռնվածությունը: Լուսավորվել են նաև այնպիսի փողոցներ, որոնց լուսավորության ցանցն անկախության տարիներին չի աշխատել: Քաղաքի զարգացման մեր աշխատանքների ընթացքում փորձում ենք հարմարավետություն ստեղծել բնակչության բոլոր խմբերի համար՝ և վարորդների, և հետիոտների, և երեխաների»,-եզրափակեց Արմավիրի քաղաքապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am