Հասարակական

ՔԿ-ն պարզում է մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի հանգամանքները

2 րոպեի ընթերցում

ՔԿ-ն պարզում է մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:10-ի սահմաններից սկսած, մոտ 40 րոպե խաթարվել է մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը, քանի որ ակցիա իրականացրած մի խումբ անձինք կանգնել են կառամատույցի երկու կողմերում կայանված գնացքների դռների մոտ՝ թույլ չտալով, որպեսզի դրանք փակվեն և գնացքներն աշխատեն: Արդյունքում՝ մետրոպոլիտենի գործունեությունն ամբողջությամբ կանգնել է, և բազմաթիվ ուղևորներ չեն կարողացել օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«Նույն օրը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (ինքնիրավչություն) 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ զննության է ենթարկվել լրատվամիջոցներից մեկում տեղադրված՝ մետրոպոլիտենի վերոնշյալ կայարանում իրականացրած ակցիայի տեսաձայնագրությունը:

Ձեռնարկված միջոցառումների արդունքում պարզվել է Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային կայարանում» ակցիա իրականացրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Երևանի բնակիչներ են՝ ծնված 1972, 1998 և 1979թթ.: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում