1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգային շրջանը կվերսկսի Արցախում մարտնչող զինվորներին նվիրված երեկոյով

Ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգային շրջանը կվերսկսի Արցախում մարտնչող 
զինվորներին նվիրված երեկոյով

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգային գործունեությունը կվերսկսի Արցախում քաջաբար մարտնչող հերոսներին նվիրված համերգով, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ծրագրում հնչելու են Արամ Խաչատրյանի «Զանգերով» սիմֆոնիան և Ալեքսանդր Հարությունյանի հանրահայտ Շեփորի կոնցերտը։ Համերգին որպես մենակատար հանդես կգա Կիրիլ Սոլդատովը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Լրագրողները դեկտեմբերի 10-ին հնարավորություն ունեցան ներկա լինել համերգի փորձին և զրուցել երաժիշտների, դիրիժորի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սոլդատովն ասաց, որ իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է Հարությունյանի Շեփորի կոնցերտը կոմպոզիտորի հայրենիքում կատարելը:

«Այն աշխարհում ամենահաճախ կատարվող ստեղծագործություններից է, որում ներկայացված են հայ ժողովրդի բոլոր ապրումները, կոլորիտը, մշակույթը:  Համավարակից, պատերազմից հետո գուցե երաժշտասերների համար դժվար լինի համերգասրահ գալը, սակայն ես կանեմ հնարավոր ամեն բան, որ հանդիսատեսն իրեն լավ զգա: Երաժշտությունը մթնոլորտ է ստեղծում, և մեր նպատակն է ինչ-որ չափով ոգևորել, խաղաղեցնել մարդկանց»,-եզրափակեց Կիրիլ Սոլդատովը:

Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հիշեցրեց, որ մարտի 13-ից համերգներ չեն ունեցել, հետո վերսկսել են փորձերը, սակայն պատերազմ է սկսվել և կրկին ամեն ինչ կանգ է առել: «Ոչ ոք ոչինչ չէր ցանկանում անել, բայց հասկացանք, որ պետք է աշխատել և համերգներով հանդես գալ: Պատերազմից հետո համերգներն սկսում են հայկական ծրագրով՝ Հարությունյանի շեփորի կանչով՝ մի կոնցերտով, որը, լինելով համամարդկային, հանրահայտ ստեղծագործություն, շատ հարազատ և հասկանալի է հայերիս: Իսկ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան  պատերազմի ահազանգ է, որում կան տագնապներ. Մի հատվածը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, բայց  հետո կա նաև հաղթանակ: Մեզ համար 4-րդ մասի հաղթանակն ինչ-որ մի օր վերածնվող Արցախն է, վերածնվող Հայաստանը, այն, որ մենք պետք է համախմբվենք, հզորանանք»,-ընդգծեց Թոփչյանը:

Դիրիժորը խոստովանեց, որ շատ կոտրված են եղել աշխատանքի սկզբնական փուլում, դժվար են նվագել, բայց պետք է հզորանալ, ունենալ աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը, ֆուտբոլի թիմերից մեկը, լավագույն գիտնականներին, լավագույն թատրոնները, լավագույն  ՏՏ մասնագետներն ու շեն երկիր կառուցել: «Այդ ժամանակ ոչ ոք չի կարող մեզ հարվածել: Տաղանդավոր ժողովուրդ ենք, բայց մեզ պետք է կրթել: Բոլորս պետք է հիանալի Հայաստան ունենալու ցանկություն ունենանք»,-ասաց Թոփչյանը:

Նա տեղեկացրեց, որ նվագախմբի երաժիշտներից 4-ը որպես կամավոր եղել են ռազմաճակատում: Այժմ վերադարձել են և միացել իրենց գործընկերներին:

Ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը, որը պատերազմի առաջին օրերին երաժիշտ ընկերների հետ մեկնել է Արցախ, 20 օր եղել է Քարվաճառում: «Կորուստներ չենք ունեցել, բայց եղել են արտառոց իրավիճակներ, որոնց պատրաստ չէինք, բայց  մեր պատրաստակամությունն այնքան մեծ էր, որ կարողացանք դիմակայել»,-շեշտեց նա:

Երաժիշտը խոստովանեց, որ  ռազմաճակատում գտնվելու օրերին մտքում պտտվել են այն ստեղծագործությունները, որոնք կատարել են վերջին փորձերի ընթացքում: Տպավորվել է Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան: «Վերադառնալուց հետո դժվար էր անցնել առօրյա կյանքին, սակայն պետք է մի կողմ թողնել հույզերն ու կենտրոնանալ երաժշտության վրա, ինչը կօգնի առաջ շարժվել»,-եզրափակեց Գրիգորյանը:

Համերգի ընթացքում պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները.  ամեն երրորդ աթոռն է զբաղեցված լինելու: Դահլիճը կհյուրընկալի 400 հանդիսատեսի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]