Հասարակական

Կադաստրի կոմիտեում կնվազեցվեն որոշ ծառայությունների մատուցման սակագները

2 րոպեի ընթերցում

Կադաստրի կոմիտեում կնվազեցվեն որոշ ծառայությունների մատուցման սակագները

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը:

«Նախագծով նախատեսվող փոփոխությունները բխում են կադաստրի համակարգում իրականացվող համակարգային բարեփոխումներից և ուղղված են հստակեցնելու քաղաքացիների համար պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործընթացները, խթանելու էլեկտրոնային գործիքների կիրառումը, թեթևացնելու վարչարարությունը, նվազեցնելու՝ ինչպես պետական պաշտոն և քաղաքացի անմիջական շփումը, այնպես էլ որոշ ծառայությունների մատուցման սակագները»,- նախագծի քննարկման ընթացքում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը:

Օրենքի նախագծով սակագների փոփոխություններ են նախատեսվում գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի կադաստրային արժեքի և դրա հաշվարկման համար հիմք հանդիսացած տվյալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, միևնույն սուբյեկտին որևէ իրավունքով պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճեններ տրամադրելու և այլ ծառայություններում:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 82 «կողմ» ձայնով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում