Հասարակական

ԱԺ-ն ընդունեց անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար տուգանային միավոր կիրառելու նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունեց անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար տուգանային միավոր կիրառելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կիրառել նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 79 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:

Նախագիծն ԱԺ նիստում ներկայացնելիս ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել էր, որ մասնավորապես նախատեսվում է համապատասխան հոդվածների սանկցիաներում լրացնել նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու պահանջ: Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, ապա վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում կսահմանվի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կկիրառվի նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար: Այսպիսով` սահմանվում է, որվարորդի կողմից ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը կառաջացնի տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, եւ տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:

Օրենսգրքում նախատեսվում է հստակ ամրագրել, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում