Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեր գրականության հրաշալի այգեպանը. Նա բանաստեղծ էր, որի երգերը երգում է ժողովուրդը

Մեր գրականության հրաշալի այգեպանը. Նա բանաստեղծ էր, որի երգերը երգում է 
ժողովուրդը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրաչյա Հովհաննիսյանը իր երգերում այնքան է զգայուն, այնքան է բանաստեղծ, որ փորձում ես բացականչել՝ ի սեր Աստծո, բանաստեղծ, մի լինիր այդքան բանաստեղծ, ուրիշ բանաստեղծներին գուցե չսազեր այդ գերբանաստեղծականությունը, Հրաչյա Հովհաննիսյանին սազում է…»:

Գուրգեն Մահարի

 

20-րդ դարասկիզբը, հիրավի, շռայլորեն բարեբեր եղավ հայ գրականության, մանավանդ պոեզիայի համար: Բանաստեղծների այն շքախումբը՝ Հովհաննես Շիրազ, Համո Սահյան, Պարույր Սեւակ, Սիլվա Կապուտիկյան, ժամանակային գրեթե աննշան տարբերությամբ մուտք գործեց մեծն Չարենցից հետո գորշացած եւ ամայացած  գրական անդաստան, ուր տիրում էին գավառական մեգն ու աշուղական հանգերգությունը: Այս երեւելիների շարքում էր նաեւ Հրաչյա Հովհաննիսյանը, որ եկավ ու դարձավ մեր գրական մշակույթի հրաշալի այգեպաններից մեկը:

Բանաստեղծի պապենական արմատները Պարսկաստանի Սալմաստ գավառի Հավթվան գյուղից են: Նրա պապը՝ Կարապետը, Քրիստոսի արհեստի մարդ էր՝ հյուսն, բայց սիրահար էր գիր ու գրականության, գիշերներ էր լուսացնում Րաֆֆու՝ հայ մարդու ազգային երակը ըմբոստությամբ ու հայրենասիրությամբ սնուցող պատմավեպերը կարդալով: Երեւանի բերդի ազատագրումից հետո՝ 1828-1830 թթ., Հովհաննիսյանների ընտանիքը, հարյուրավոր ազգակիցների հետ, տեր Ղազար քահանայի գլխավորությամբ, ներգաղթում է մայր հայրենիք, հանգրվանում Շահաբ գյուղում: Այստեղ է ծնվում ապագա բանաստեղծը: Յոթ տարեկան էր, երբ տեղափոխվում են մայրաքաղաք: Սովորում է Ստ. Շահումյանի անվան դպրոցում, գրում առաջին չափածո տողերը:

Տակավին դպրոցական, «Պիոներ կանչ» թերթում տպագրվում է բանաստեղծությունների մի շարք՝ արժանանալով անգամ երկրի այդ ժամանակվա առաջնորդի՝ Աղասի Խանջյանի ուշադրությանը: Պատանի բանաստեղծը, ով արդեն ընտրել էր գրական Հրաչյա Ամազոն մականունը, շահում է թերթի առաջին մրցանակը: Հերթական շարքը տպագրվում է հետագայում մեր գեղանկարչության դեմքերից մեկը դարձած Էդվարդ Իսաբեկյանի գծանկարներով: Ի դեպ, գեղանկարիչն էլ նրան հորդորում է գրել իր իսկական ազգանունը՝ ասելով. «Էլ մի փոխի, կարգին անուն-ազգանուն ունես, որը թողած, ընկել ես սար ու ձոր»: «Ահա այսպես,-ժամանակներ անց վերհիշում է արվեստագետը,- հենց ավազանում ես փրկեցի բանաստեղծի ազգանունը, որը ապագայում դարձավ այնքան հնչեղ ու նշանավոր»:

Հենց այդ տարիներին էին մոլեգնում ստալինյան ահագնացող բռնարարքներն ու խոշտանգումները: Արդեն տարել էին Չարենցին, Բակունցին, Ալազանին, ժողովրդի տաղանդավոր ու իմաստուն հարյուրավոր զավակների, իսկ երիտասարդ բանաստեղծը, Սիլվա Կապուտիկյանի հետ թեւ թեւի, վառելափայտ էր տանում Ալազանի կնոջը՝ սեփական կյանքը դնելով անխուսափելի վտանգի տակ… Բարեբախտաբար, լինում են կարեկից զգուշացնողներ:

Հրաչյա Հովհաննիսյանը աշխատանքի էր անցել ռադիոյում, երբ սկսվում է երկրորդ աշխարհամարտը: Զորակոչվում է բանակ, մի քանի ամիս սովորում է հետեւակային ուսումնարանում, այնուհետեւ մասնակցում Ստալինգրադի համար մղվող մարտերին, գնդի հետ ընկնում շրջափակման մեջ, մի կերպ խուսափում գերությունից: Պատերազմում վիրավորվում է տասնվեց անգամ, որոնցից չորսը՝ մահացու: Բայց, ինչպես ինքն է պատմել՝ Աստված ու մայրական աղոթքները փրկել են նրան…

Պատերազմական մղձավանջից հետո բանաստեղծն ամուսնանում է, աշխատանքի անցնում «Սովետական գրականություն» ամսագրում, արտասահմանյան երկրների հետ կապերի ու բարեկամության ընկերությունում: Առժամանակ խմբագրում է «Գրական թերթը», զբաղեցնում տարբեր պաշտոններ: Երկու տարի ղեկավարում է մեր գրողական ընտանիքը՝ որպես նախագահ: Պատերազմի բովով անցած գրողը, երբ առիթից առիթ պաշտոնական հրավերներով դուրս էր գալիս հանրապետությունից, օդանավակայաններում մետաղորսիչ կամարների տակով անցնելիս, ստիպված էր լինում ստուգվել մի քանի անգամ: Եվ ստուգողները մնում էին ապշած…

Բանն այն է, որ ինքն էլ էր անտեղյակ, որ իր մարմնում կռվի դաշտից բերված գնդակներ են մնացել, միայն շատ ուշ են դրանք հայտնաբերել բժիշկները… Բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Իմ կյանքի երգը», լույս է տեսնում 1948 թ.: Այնուհետեւ իրար են հաջորդում «Երկրորդ հանդիպում», «Հրաշալի այգեպան», «Ծովի լռությունը», «Վայրի վարդ», «Սուրը դափնու վրա», «Հայկական երթ» գրքերը: Պոեզիային զուգահեռ, Հ. Հովհաննիսյանը ընթերցողին է ներկայացել նաեւ արձակ գործերով՝ «Ոսկե ամպը», «Պատերազմի դեմքը», «Կապույտ լեռան շուք», «Դաժան դրախտավայր»: Հանդես է եկել գրականագիտական, հրապարակախոսական, քննադատական հոդվածներով, էսսեներով, ուղեգրական նոթերով:

Զբաղվել է նաեւ թարգմանությամբ: Հայ ընթերցողը ծանոթ է Ա. Պուշկինի, Ն. Նեկրասովի, Ի. Ֆրանկոյի, Մ. Ռիլսկու, Լ. Արագոնի ստեղծագործություններից շատերին՝ հենց նրա թարգմանությամբ:

Այսպիսի վաստակով ու համբավով հանդերձ, քիչ բանաստեղծների է բախտ վիճակվում, որ իրենց ստեղծագործությունները վերածվեն ժողովրդական երգերի. մեզանից ում հոգեհարազատ չեն «Հոյ նազան իմ յարը», «Նուբար, Նուբար», «Յաման, յար», «Վախենամ քնեմ», «Հայրենիք» երգերը: Սրանք համաժողովրդական սիրո արժանացած երգեր են, որ հնչել ու հնչելու են մեր ժողովրդի շուրթերից դեռ երկար-երկար ժամանակ:

Շատ փորձությունների միջով է անցել բանաստեղծը, տեսել իր երկրի ու ժողովրդի արեւոտ օրերը, կիսել պատուհասած ցավերը, բայց իր հոգում արեւ պահած բանաստեղծը լցված էր կենսասիրությամբ ու միշտ ուժ էր գտնում հավատալու վաղվա արեւոտ օրվան. «Ես չեմ ցավում, որ անցնում են օրերս, չեմ տխրում, երբ արեւը մայր է մտնում, քանզի գիտեմ՝ ծագելու են նորերը, նոր արեւներ՝ իրենց լույսով անհատնում»:

Այդ հույսն ու լավատեսությունը փայփայենք նաեւ մենք, այլապես ապրելը չափազանց դժվար կլինի:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am