Զարուհի Բաթոյանը վստահության և համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել վարչապետին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը վստահության և համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաթոյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ: Հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության իմ գործընկերներին և հատկապես այն թիմին, որն առանց դադարի աշխատեց թե՛ COVID-ով պայմանավորված արտակարգ դրության, թե՛ ռազմական դրության ընթացքում: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կամավորներին, որոնք պատերազմի ընթացքում մեզ հետ էին և, իհարկե, բոլոր քաղաքացիներին, ում շնորհիվ Արցախի մեր հայրենակիցները աջակցություն ստացան: Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և համատեղ աշխատանքի համար»,- գրել է Բաթոյանը:
Նոյեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Մեսրոպ Առաքելյանը:
Զարուհի Բաթոյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ. հունվարի 18-ից: