Միջազգային

Գերմանիան դուրս է եկել թուրքական ազգայնամոլ Գորշ գայլերի դեմ

2 րոպեի ընթերցում

Գերմանիան դուրս է եկել թուրքական ազգայնամոլ Գորշ գայլերի դեմ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերից հետո Գերմանիան պատրաստվում է արգելել թուրքական պետության ազգայնամոլ Գորշ գայլերի շարժումը։ Նոյեմբերի 19-ին Բունդեսթագում ընդդիմադիր և իշխանական կուսակցությունները քննարկելու են շարժման դեմ օրենքի մի շարք նախագծեր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Hawarnews»-ը, Ազգայնամոլ կազմակերպությունների գործունեությունը արգելելու համար Բունդեսթագ է ներկայացվել օրենքի երկու նախագիծ։ Օրենքի նախագծերից մեկը ներկայացրել է Ձախակողմյան կուսակցությունը, իսկ մյուսը` Կանաչների կուսակցությունն ու Ազատ Դեմոկրատները։

Գերմանիայում կառավարությունը ձևավորած Քրիստոնեական միություն կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը, ինչպես նաև Կանաչների կուսակցությունը և Ազատ դեմոկրատներ կուսակցությունը աջակցություն են հայտնել երկրորդ օրինագծին։

Երկար ժամանակ լռող Եվրոպան վերջապես Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) և Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) կողմնակից և ծայրահեղ ազգայնամոլական կազմակերպությունների դեմ է դուրս գալիս։ Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունները ստիպեցին Գերմանիային լուրջ քայլեր ձեռնարկել նրանց դեմ` նաև հաշվի առնելով, որ ամենաշատ թուրք ազգայնամոլական կազմակերպությունները գտնվում են հենց Գերմանիայում։

Գերմանիայում գործում է շուրջ 170 ազգայնամոլական կազմակերպություն, իսկ դրանց անդամների թիվը հասնում է շուրջ 10 հազարի, որը շուտով կարող է գլխացավանք դառնալ Գերմանիայի համար։

Գայանե Կիրակոսյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում