1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Էրդողանի իշխանության վախճանը նախանշում են հենց Անկարայում

Էրդողանի իշխանության վախճանը նախանշում են հենց Անկարայում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի այսօրվա վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունը կրկնում է 20-րդ դարասկզբի գործընթացները: Դիտարկելով Թուրքիայում ընթացող ներքաղաքական անցուդարձը՝ կարելի է միանշանակ կանխատեսել Էրդողանի իշխանության մոտալուտ վախճանը, ինչպես ժամանակին՝ երիտթուրքերինը: Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուի ներկայիս գործողությունները զարմանալի զուգադիպությամբ կրկնում են նախորդ դարասկզբին Քեմալ Աթաթուրքի գործողությունները:

Ահմեդ Դավութօղլուն  սկսել է հետեւողաբար քննադատել երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան ու իր ընտանիքին համարելով ամենամեծ աղետը, որ հասել է իր ժողովրդին։ Մեկ այլ հայտարարության մեջ Դավութօղլուն հայտարարել է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Եվրոպայի եւ աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետությունն է, որը տարածում են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին պարոն Էրդողանն է»:

20-րդ դարի 20-ականներին նույն քաղաքականությունն էր վարում Քեմալ Աթաթուրքը՝ քննադատելով երիտթուրքերի գործողությունները: Ինչպես Աթաթուրքը, այնպես էլ Դավութօղլուն գիտակցում են ժամանակի իշխանությունների գործած վայրագությունները, նրանց մոտալուտ վախճանը եւ հնարավոր պատասխանատվությունից խուսափելու համար սկսում են քննադատել իշխանությանը, որի ակունքներում են եղել նաեւ իրենք եւ նպաստել վերջիններիս հանցագործություններին:

1918 թվականին Քեմալը Ֆեթհի Օքյարի հետ միասին տպագրում էր «Մինբեր» պարբերականը, որի հրապարակումներում երիտթուրքերին ուղղված բազմաթիվ ծանր մեղադրանքներ կային` կապված հայերի ջարդերի հետ: Աթաթուրքի խմբագրած թերթում հրապարակվող հոդվածներում գրվում էր, որ ամեն ժողովրդի մեջ էլ լինում են ծայրահեղականներ, բայց նրանց պատճառով մի ամբողջ ազգ կոտորելն ու տեղահանելը դատապարտելի են: «Ահաբեկչության հետ ոչ մի կապ չունեցող հարյուր հազարավոր մարդկանց տեղահանումը եւ բռնագաղթը ստորություն չէ, բա ի՞նչ է»,- հայտարարել է Աթաթուրքը:

Վերջինս լավ էր տեսնում երիտթուրքերի անկումը եւ համապատասխան հարթակ էր ստեղծում նրանցից տարանջատվելու համար, այն դեպքում, երբ եղեռնի ողջ ժամանակահատվածում եղել էր թուրքական բանակի սպա: Ավելին՝ 1920 թվականի հունվարին Մուսթաֆա Քեմալի ղեկավարած թուրքական մեծաթիվ բանակը Մարաշի ճակատամարտում հաղթեց ֆրանս-հայկական լեգեոնին, որին հաջորդեցին 5000 ֆրանսիացիների եւ12000 հայերի զանգվածային կոտորածները՝ ավելի նվազեցնելով հայկական գավառում մնացած առանց այդ էլ քիչ հայ բնակչության թվաքանակը։

Այդ ռազմական գործողություններն ուղեկցվում էին բոլշեւիկյան Ռուսաստանի կառավարության կողմից քեմալականներին ուղարկված ոսկու եւ զինամթերքի շարունակական աջակցությամբ:

Չնայած այս ամենին, Աթաթուրքին հաջողվեց իրեն առանձնացնել երիտթուրքերից, իսկ իշխանության գալուց հետո կեղծ դատավարություններ սկսել եղեռնը իրականացնողների դեմ, որոնք, վերջին հաշվով, այդպես էլ Թուրքիայի կողմից համապատասխան պատժի չենթարկվեցին:

Այսօր կրկնվում է նույն պատմությունը: Անկման գնացող Էրդողանի վարչակազմին սկսում են քննադատել երբեմնի իր գործընկերները եւ քաղաքական ուժերը: Այն, որ էրդողանի Թուրքիան ընկնելու է, կանխատեսելի է բոլորի համար: Հարցն այն է, թե մինչեւ անկումն ինչ աղետներ կհասցնի կատարել մերօրյա Թալեաթը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]