Հասարակական

ՀԱԳՄ-ն կաջակցի Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց զբաղվածությամբ ապահովմանը

2 րոպեի ընթերցում

ՀԱԳՄ-ն կաջակցի Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց զբաղվածությամբ ապահովմանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց զբաղվածությամբ ապահովման հարցը քննարկվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած հեռավար ընդլայնված նիստի ընթացքում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից:

Գործարարները կարևորել են իրենց բնական առօրյայից հարկադրաբար կտրված արցախցի հայրենակիցներին վարձատրվող կամ կամավորական աշխատանքներում ներգրավելը, ինչը թույլ կտա ոչ միայն որոշակի նյութական օժանդակություն ապահովել, այլև պահպանել եղած մասնագիտական հմտությունները, նաև՝ հոգեբանական աջակցություն տրամադրել։

Նիստում անդրադարձ է եղել հնարավոր աշխատատեղերի հաշվառման, ցանկացողների ցուցակագրման, մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի տեղավորման գործընթացի կազմակերպչական մեխանիզմներին։ «Վերջիններիս ամբողջական մշակումից հետո Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հանդես կգա հայտարարությամբ՝ արցախցի հայրենակիցներին ներկայացնելով Հայաստանի տարբեր մարզերի ընկերություններում աշխատանքի տեղավորման հնարավորություններն ու պայմանները»,-նշել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը՝ միաժամանակ գոհունակություն հայտնելով գործարար համայնքից, ոչ միայն արցախյան ներկայիս գոյամարտի համար ցուցաբերվող նյութական շարունակական զգալի աջակցության համար, այլև պարտադրված պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախահայությանը զբաղվածությամբ ապահովելու պատրաստակամության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում