Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1600 նոր դեպք. գրանցվել է մահվան դեպքերի ամենամեծ թիվը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 80410 դեպք, որոնցից 51814-ն` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27027 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 3397 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 382938 թեստավորում:
Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1600 նոր դեպք և 652 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1222 (ավելացել է ևս 26-ով) դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Արձանագրվել է մահվան ևս 8 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 347 է:
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով՝ մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան