Հասարակական

Հայաստանում ապաստանած Արցախի քաղաքացիների համար կանցկացվեն անվճար ձեռնարկատիրական դասընթացներ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ապաստանած Արցախի քաղաքացիների համար կանցկացվեն անվճար ձեռնարկատիրական դասընթացներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով յուրաքանչյուրի դերը Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման գործում՝ Սոցիալական ձեռներեցների դպրոցը 2020 թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկում է «Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից» երկամսյա անվճար ձեռնարկատիրական դասընթացների շարք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ դասընթացները նախատեսված են պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ապաստանած Արցախի քաղաքացիների համար: Նախատեսվում են նաև արհեստագործական դասընթացներ (մաքրամե, տիկնիկագործություն, ասեղնագործություն և այլ) Արցախի երեխաների համար:

Ծրագրի նպատակն է ակտիվացնել Արցախի քաղաքացիներին և նպաստել առաջնային կարիքների բավարարմանն ուղղված սեփական նախաձեռնությունների կազմակերպմանը: Մասնակիցները կունենան գաղափարի ձևակերպումից մինչև բիզնես ծրագրի կազմման և իրականացման փուլերով անցնելու հնարավորություն, կստանան ոլորտի առաջատար փորձագետների և մենթորների խորհրդատվություն:

Առաջին դասընթացը տեղի կունենա առցանց ձևաչափով՝ Zoom հարթակում, նոյեմբերի 1-ին, ժամը 19:00-ին: Դասընթացը ներառում է շաբաթական 2 տեսական և 1 պրակտիկ դաս: Դասընթացի ավարտին լավագույն ձեռնարկատիրական գաղափարը կֆինանսավորվի, մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 29-ն է։ Մասնակցությունը հնարավոր է միայն ԱՀ անձնագրով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում