Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանը կամավորական ջոկատներ ստեղծելու կոչ է անում

Փաշինյանը կամավորական ջոկատներ ստեղծելու կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամավորական ջոկատներ ստեղծելու և հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչ է անում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հոկտեմբերի 21-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում:

«Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը: Դրանք պետք է լինեն Գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ ու ձևավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը, ինչը նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում ու իրականացնեն այն խնդիրը, որը նրանց առջև կդրվի հրամանատարության կողմից»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ սա շրջադարձային պահ է ու սրանով պետք է լուծվեն հայ ժողովրդի վերջին 500 տարվա խնդիրները:

«Մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք, իսկ ցեղասպանությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ եղել է տրամադրություն, թե «ինչ-որ տեղ կան մարդիկ, որոնք կկանգնեն  ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, բայց այդ մարդը, երևի, ես չեմ»: Այսօր կան այդպիսի մարդիկ, բայց պետք է նրանց կողքը կանգնել, որովհետև նրանցից՝ մեր հերոսական շարքայիններից, սպաներից ու կամավորներից շատերը զոհվել են հանուն հայրենիքի ու պետք է նրանց փոխարեն կանգնել: Մենք բոլորս պետք է կանգնենք, դո՜ւ ես հենց այն մարդը, որ այսօր պետք է զենք վերցնի ու գնա մեր հերոս տղերքի կողքը կանգնի ու տանի այդ հաղթանակը, որը մեր նպատակն է: Իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակը, չի թողնում, չկա միջանկյալ տարբերակ: Հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ վիճակը շատ ավելի հուսահատ ու բարդ էր, թվում էր, որ էլ ոչ մի ելք ու լուծում չկա, բայց մեր ժողովուրդը գտավ այդ լուծումը, որովհետև կային մարդիկ, որոնք իրենց վրա վերցրին հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը:

«Մեր հերոսները նայում են մեզ, ու մենք պետք է առիթ չունենանք մեր հայացքը փախցնելու իրենցից, որովհետև նրանք հայրենիքին տվեցին ամեն ինչ ու չխնայեցին ոչինչ, հիմա եկել է մեր ժամը»,- ասաց Փաշինյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am