Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աննախադեպ բողոքի ակցիաներ. հայերը փակել են Եվրոպայի միջպետական ավտոմայրուղիները

Աննախադեպ բողոքի ակցիաներ. հայերը փակել են Եվրոպայի միջպետական 
ավտոմայրուղիները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի հայերը մոբիլիզացվել և նախաձեռնել են աննախադեպ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման. հայերն այս անգամ փակել են Եվրոպայի միջպետական նշանակության ավտոմայրուղիները:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես հարյուրավոր հայեր փակել էին Ֆրանսիա-Բելգիա միջպետական ճանապարհը՝ խցանման մեջ թողնելով բազմաթիվ ավտոմեքենաների: Այն երկկողմանի փակվել էր վաղ առավոտից՝ Եվրոպայի ուշադրությունը Արցախի խնդրի վրա սևեռելու նպատակով: Հայերը բարձրաձայնել են Ադրբեջանի ագրեսիայի մասին, որը հրթիռակոծում է խաղաղ բնակչությանը, պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը: Ակցիայի մասնակիցները բարձրացրել են պաստառներ, որոնցում գրված է եղել «Արցախը Հայաստան է»: Նրանք պահանջել են նաև, որ բելգիական և ֆրանսիական լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանեն ակցիան, ներկայացնեն դրա նպատակը: Հայերի պահանջի մի մասը կատարվել է, Ֆրանսիայից լրագրողներ են ժամանել՝ լուսաբանելու: Դրանից հետո հայերը համաձայնել են երկու կողմից բացել ճանապարհը, ճանապարհը փակ է եղել 1 ժամից ավել: Այնուհետև ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ մեքենաներով շարժվում են դեպի Եվրախորհրդարան:

«Պետք լինի, նույն տղաներով գալու ենք և մեր սահմանը պաշտպանենք»,- միաբերան ասացին հավաքվածները:

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ հայերը վաղ առավոտից փակ են պահում նաև հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները՝ Ֆրանսիա-Իսպանիա, Բելգիա-Նիդերլանդներ, Ֆրանսիա- Շվեյցարիա, Նիդերլանդներ-Գերմանիա, Լյուքսեմբուրգ-Բելգիա-Ֆրանսիա, Ֆրանսիա-Իտալիա, Գերմանիա-Դանիա։

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am