Հայաստանում COVID-19-ի տարածման ընթացքում գրանցվել է ամենամեծ թիվը՝ 1058 նոր դեպք
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 58 624 դեպք, որոնցից 46 713-ն` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 561 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 2 877 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 329 277 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1 058 նոր դեպք և 395 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1 039 (ավելացել է ևս 7-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները եղել են 70, 82 տարեկան կանայք և 47, 56, 57, 62, 68 տարեկան տղամարդիկ: Բացի մեկից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Արձանագրվել է մահվան ևս 3 նոր դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 311 է:
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան