Կրակի դադարից հետո Արցախի ողջ տարածքում փրկարարները կիրականացնեն ռումբերի հայտնաբերման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի փրկարար ծառայության աշխատակիցները ներկայումս հիմնականում աշխատում են չպայթած ռումբի հայտնաբերման և անվտանգ վայրում ոչնչացման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ԱԻ Փրկարար ուժերի վարչության պետ Մեխակ Արզումանյանը:
«Այդ բոլոր չպայթած ռումբերը հայտնաբերվում և տեղափոխվում են Ստեփանակերտից դուրս, անվտանգ տարածք և ոչնչացվում: Ստեփանակերտի գրեթե բոլոր փողոցներում հայտնաբերվել են չպայթած ռումբեր»,- ասաց Արզումանյանը:
ԱԻ Փրկարար ուժերի վարչության պետը նշեց, որ կրակի դադարից հետո ռումբերի հայտնաբերման աշխատանքներ կիրականացվեն նաև Ստեփանակերտից դուրս, քանի որ հրթիռակոծության են ենթարկվել ոչ միայն Ստեփանակերտը, այլ նաև Արցախի բոլոր շրջանները:
Ավելի վաղ, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ: