Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Ռումինիայի արտգործնախարարը հորդորում է խստորեն հետևել կրակի դադարեցման համաձայնությանը

Ռումինիայի արտգործնախարարը հորդորում է խստորեն հետևել կրակի դադարեցման 
համաձայնությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիան կոչ է անում խստորեն հետևել կրակի դադարեցման համաձայնությանը Լեռնային Ղարաբաղում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկոն՝ մասնավորեցնելով, թե ինչ է ասելու  ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Հանդիպումից առաջ նա նշել է. «Ես կհայտնեմ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռումինիայի տեսակետն առ այն, որ իրավիճակը շատ մտահոգիչ է ՝ հաշվի առնելով հակամարտության աննախադեպ սրությունը: Եվ ես շատ խիստ կոչով կդիմեմ կողմերին՝ վերսկսել երկխոսությունը և սկսել քննարկումները՝ խաղաղության վերաբերյալ ու խստորեն հետեւել վերջերս համաձայնեցված հրադադարին, որն արդեն խախտվել է»:

Նախարարը նաև նշել է, որ կքաջալերի Գերագույն ներկայացուցչին՝ շարունակելու սերտորեն համագործակցել ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ `լավ լուծում գտնելու և խնդրով քննարկումները վերսկսելու համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակներում:

ԵՄ արտգործնախարարները հոկտեմբերի 12-ին դեմ առ դեմ հանդիպում են Լյուքսեմբուրգում `քննարկելու գլոբալ քաղաքական իրավիճակը, օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: Հոկտեմբերի 11-ի երեկոյից, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը ձեռնարկել են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։

Հոկտեմբերի 11-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի սկսելու ներգրավվել որևէ մարդասիրական գործողության մեջ, մինչև Արցախի և Ադրբեջանի շփման գծում հումանիտար հրադադարն ամբողջությամբ չպահպանվի:

Աննա Գրիգորյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]