Ղարաբաղյան հիմնահարց

Արցախն իրականացնում է ինքնապաշտպանության իրավունքը և չի լինելու Ադրբեջանի մաս. Արայիկ Հարությունյան

3 րոպեի ընթերցում

Արցախն իրականացնում է ինքնապաշտպանության իրավունքը և չի լինելու Ադրբեջանի մաս. Արայիկ Հարությունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս: Ադրբեջանի կողմից Արցախում ընթանում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց, Արցախում ոտնահարվում են համամարդկային արժեքները, իսկ Արցախը իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այս պայմաններում ակնկալում են (Ադրբեջանը- խմբ.) Արցախի կողմից համաձայնել իրենց պարտադրած կամ ձևակերպած պահանջներին, դա չի լինելու: Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը, և դրա շրջանակներում նաև Հայաստանի ու ողջ հայության աջակցությամբ այն իրականացնելու ենք: Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս»,- ասաց Հարությունյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, այլ խոշոր քաղաքներ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Ադրբեջանը, սակայն, խախտել է կրակի դադարեցման ռեժիմը՝ դրա ուժի մեջ մտբելուց րոպեներ անց:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում