Ադրբեջանը երկար տարիներ չի կարողանալու իր վրայից հանել միջազգային ահաբեկչության խարանը. Մարուքյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահ է, որ Ադրբեջանն այլևս երկար տարիներ չի կարողանալու երկրի վրայից հանել միջազգային ահաբեկչության խարանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանն ասաց խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված վարձկանների ու ահաբեկիչների խնդրին, որոնք կռվում են Արցախի դեմ:
«Որպեսզի Ադրբեջանը կռվի ժամանակ ունեցած իր կորուստները մինիմալիզացնի, փողով ներգրավել է վարձկանների, ահաբեկիչների: Օրինակ, եթե ունենան 500 զոհ, դրանից 400-ը կլինի ահաբեկիչ, ժողովրդին կասեն, որ տվել են 100 զոհ: Այդ առաջարկը, վստահ եմ, թուրքական կողմի առաջարկ է: Դրա արդյունքում միջազգային ահաբեկչությունն ընկել է Ադրբեջանի գրպանը: Այլևս երկար տարիներ չեն կարողանալու հանել այդ պիտակն իրենց վրայից, սա խարան է: Ալիևի կլանը խնդիրներ է ունենալու միջազգային տարբեր հարթակներում»,- ասաց Մարուքյանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմից զոհվել է 350 զինծառայող և կամավորական:
Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 4 069 զինծառայողի և ահաբեկչի: Թշնամու կորուստներն են՝ 145 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 496 միավոր զրահատեխնիկա և 4 ՏՈՍ:
Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադականները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:
Նորայր Շողիկյան