Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ՃՇՀԱՀ-ն գործընկերներին հորդորում է կառավարություններին ԱՀ դեմ Բաքվի ագրեսիան դատապարտելու կոչ անել

ՃՇՀԱՀ-ն գործընկերներին հորդորում է կառավարություններին ԱՀ դեմ Բաքվի ագրեսիան 
դատապարտելու կոչ անել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանը միջազգային գործընկեր կազմակերպություններին ուղերձ է հղել՝ խնդրելով նրանց երկրների կառավարություններին դիմել Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կործանարար ռազմական գործողությունները խստագույնս դատապարտելու կոչով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը։

«Հարգելի գործընկերներ 2020 թ. սեպտեմբերի 27-ից սահմանի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմի հրետակոծության պատճառով թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանական զինված ուժերի կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածի արդյունքում տուժել է նաև քաղաքացիական բնակչություն, կան զոհեր: Հակամարտությունն օրեցօր ընդլայնվում է՝ տանելով շատ մարդկանց կյանքեր:

Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները ուղղակիորեն համակարգվում են Թուրքիայի կողմից և ուղղված են Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Ադրբեջանական կողմը, Արցախի և Հայաստանի տարածքը ռմբակոծելով միջազգային կոնվենցիաներով արգելված կասետային ռումբերով, տարբեր տրամաչափի զինատեսակներով, «ՏՕՍ» հրթիռահրետանային համակարգերով, հրահրում է լայնամասշտաբ պատերազմ:

Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Ադրբեջանի զինված ուժերի կազմում ծառայող թուրք մասնագետների, Սիրիայից և Լիբիայից Ադրբեջանի տարածք տեղափոխված վարձկան-ահաբեկիչների խմբավորումների մասնակցությունը ռազմական գործողություններում: Այս հաստատված փաստի մասին են բարձրաձայնում աշխարհի գերտերությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ, Ֆրանսիան, Իրանը, միջազգային հանրությունն ու լրատվամիջոցները՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել հակամարտությունը և ձեռնպահ մնալ այն բորբոքելու քայլերից:

Ցավոք, ադրբեջանա-թուրքական ավերիչ պատերազմում զոհվածների թվում են Հայաստանի Հանրապետության բուհերի, նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսներ, ուսանողներ, ովքեր կամավոր մեկնել են ռազմաճակատ՝ կենաց-մահու կռիվ էին մղում իրենց Հայրենիքի ապագայի համար:

Հարգելի գործընկերներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և անձամբ իմ՝ ռեկտորի ժ.պ. Եղիազար Վարդանյանի անունից խնդրում ենք կոչով դիմել Ձեր և աշխարհի երկրների ղեկավարներին, միջազգային իրավասու կազմակերպություններին՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ Սիրիայի և Լիբիայի ահաբեկիչ-վարձկանների մասնակցությանբ հրահրած կործանարար ռազմական գործողությունները, որոնք ոճրագործություն են թե´ Արցախի, թե´ Հայաստանի, և թե´ առաջադեմ մարդկության և քաղաքակրթության հանդեպ:

Լիահույս ենք, որ Ձեր գործուն աջակցությունը մեծապես կնպաստի դադարեցնելու արյունահեղությունը և խաղաղ ճանապարհով լուծելու տարածաշրջանային խնդիրները:  Ասված է ուղերձում»,- ասվում է ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ուղերձում:    

           


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am