Հասարակական

ՊԲ-ն ազատագրել է կորցրած դիրքերից մեկը. փրկվել են օրեր առաջ անտառում թաքնված 19 հայ զինծառայողները

3 րոպեի ընթերցում

ՊԲ-ն ազատագրել է կորցրած դիրքերից մեկը. փրկվել են օրեր առաջ անտառում թաքնված 19 հայ զինծառայողները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակը փայլուն գործողությամբ ազատագրել է կորցրած դիրքերից մեկը, ինչպես նաև փրկել օրեր առաջ թշնամուն դիմագրաված և, նահանջելու փոխարեն, մոտակա անտառում թաքնված 19 հայ զինծառայողի կյանքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի ՛ հայրենակիցներ, Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը»,- գրել է Հարությունյանը:

Արցախի նախագահը հավելել է, որ այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ, արագ նահանջել է:

«Փա՛ռք մեր բանակին: Փա՛ռք Աստծո զորությանը»,- եզրափակել է նախագահը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաևՌուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրըԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում