1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրախորհրդարանից կոնկրետ քայլեր են ակնկալվում. Բրյուսելում բողոքի ակցիա է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ

Եվրախորհրդարանից կոնկրետ քայլեր են ակնկալվում. Բրյուսելում բողոքի ակցիա է 
Ադրբեջանի և Թուրքիայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում հազարավոր մարդիկ՝ հայեր և նրանց միացած օտարերկրացիներ, հոկտեմբերի 7-ին բողոքի ակցիա են կազմակերպել Եվրախորհրդարանի մոտ՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը պետք է բարձրաձայն խոսի Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների մասին, չլինի խուլ և համր, գործի անհապաղ՝ կանխելու արյունահեղությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները վանկարկումներով շեշտում են, որ Էրդողանն ահաբեկիչ է, Ադրբեջանն՝ ագրեսոր: Նրանք պարզել են «Ճանաչեք Արցախի անկախությունը», «Կանգնեցրեք Էրդողանին», «Կանգնեցրեք Ալիևին», «Արցախը Հայաստան է» գրություններով պաստառներ:  

Ցույցն անցկացվել է այն պահին, երբ Եվրախորհրդարանում քննարկվում էր Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի հարցը: 

«Մենք ամբողջ հայ ազգի անունից մեղադրում ենք եվրոպական կառույցներին ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ լուռ ու համր մնալու համար: Թուրքիան ներգրավված է այս հակամարտության մեջ իր աշխարհագրական նպատակներին հասնելու համար, իսկ Եվրոպան մնում է կույր և համր: Հայերը զգուշացնում են, որ այս պատերազմի իրական նպատակը  ցեղասպանությունն է, իսկ Եվրոպան մնում է խուլ»,-շեշտում են բողոքի ակցիայի մասնակիցները:

Նրանք հիշեցնում են, որ Ադրբեջանը ռմբակոծում է Արցախի խաղաղ բնակչությանը, քաղաքացիների, որոնք չեն ցանկանում պատերազմել:

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են՝ կան փաստեր, որ Ադրբեջանն օգտագործում է արգելված զենքեր, ինչպիսին է կասետային ռումբը, որի կիրառումը խաղաղ բնակավայրերում ռազմական հանցագործություն է համարվում, իսկ Եվրոպան լուռ է: «Բոլորն արդեն գիտեն, որ Թուրքիան հավաքագրում է ջիհադիստների Սիրիայից և Լիբիայից, նրանց ուղարկում է Ադրբեջան հայերի դեմ կռվելու համար: Դա փաստ է, որը հաստատել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Եվրոպան լուռ է: Իսրայելը տևական ժամանակ է՝ զենք է վաճառում Ադրբեջանին ու բոլորը գիտեն, որ զենքերն օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ, բայց Եվրոպան լուռ է: Երբ լրագրողները  վիրավորվում են խաղաղ բնակավայրերում,  բոլոր միջազգային կառույցները լուռ են: Մեր կոչը նրանց է ուղղված՝ բացեք ձեր աչքերն ու ականջները, գործեք»,-շեշտում են մասնակիցները:

Նրանք նաև հիշեցնում են, որ Ադրբեջանը իր երկրում ապրող փոքրամասնություններին ճնշելով՝ ուղարկում է առաջնագիծ, իսկ Եվրոպան կրկին լուռ է։ «Ինչպես այս պատերազմը, այնպես էլ հուլիսյան դեպքերը տեղի ունեցան համավարակի ժամանակ, և մենք նրանց մեղադրում ենք։ Մենք Եվրախորհրդարանից շատ կոնկրետ քայլեր ենք ակնկալում, քանի որ այն դեռ չի անում ամենը, ինչ կարող է: Ամոթ, ամոթ, ամոթ»,-վանկարկում են ցուցարարները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 280 զինծառայող և կամավորական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]