Արցախում վիրավորված Մեղրիի համայնքապետը վիրահատվել է. նա իրեն արդեն լավ է զգում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի սանձազերծած գործողությունների հետևանքով Արցախում վիրավորում ստացած ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրահատվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մեղրիի համայնքապետի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
«Խոսել եմ Մեղրի համայնքի ղեկավարի հետ։ 4 ժամ տևած վիրահատությունը (ուսից-֊արմունկ՝ ոսկրային) ավարտվել է։ Իրեն արդեն լավ էր զգում և ամուր։ Համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրավորումը ստացել է ոչ թե Մեղրիի դիրքերում, այլ Արցախի հարավում»,- գրել է Ծատրյանը և հավելել, որ Մեղրիում իրավիճակը հանգիստ է։
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 280 զինծառայող և կամավորական: