Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի կեղծ լուրը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները, թե իբր հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմի տարածած կեղծ տեղեկատվությանն արձագանքել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։
Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել:
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ստեփանյանը։