Տարածաշրջանային

Թուրքական մամուլը հայտնում է Ադրբեջան զինվորներ ուղարկելու օրակարգի մասին

2 րոպեի ընթերցում

Թուրքական մամուլը հայտնում է Ադրբեջան զինվորներ ուղարկելու օրակարգի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական մամուլը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի մեջ Թուրքիայի ուղղակի ներգրավմածության հերթական փաստն է բերում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքական «Milliyet» թերթի կայքում հոդված է հրապարակվել «Հայաստանի թիրախներին Bayraktar-ն է հարվածում» վերնագրով:

«Հայաստանի դեմ Ադրբեջանին օգնելու վերաբերյալ ԱԳՆ-ի՝ «ինչպես, որ ցանկանա (Ադրբեջանը), այդ ձևով էլ կողքին կլինենք» ձևակերպմամբ աջակցության ուղերձը օրակարգ է բերել նաև զինվորականներ ուղարկելու տարբերակը: Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի պատասխանատուներին հստակ փոխանցվել է, որ ամեն տեսակի օգնություն կտրամադրվի, ներառյալ՝ այդ տարբերակը: Ընդգծվել է, որ առաջնահերթությունը էներգետիկ միջանցքի անվտանգությունն է, միաժամանակ նշվել է, որ հարմար պայմանների ստեղծման դեպքում պետք չէ խորշել բանակցությունների սեղանին վերադառնալուց»,- ասված է հոդվածում:

Հրապարակման մեջ նշվել է, որ Ադրբեջան զորք ուղարկելու տարբերակը հնարավոր է միայն նախագահի կողմից շրջանառության մեջ դրվող օրինագծի միջոցով, որը պետք է ստանա խորհրդարանի հավանությունը: «Աղբյուրները նշում են, որ նման օրինագծի համար հիմք կարող է հանդիսանալ 2010 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին» պայմանագիրը»:

Հրապարակման մեջ նշվել է, որ ադրբեջանական բանակը հայկական թիրախներին հարվածում է թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում