Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Պաղեստինի հարցը
2 րոպեի ընթերցում
![Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Պաղեստինի հարցը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/10/lPbNB87eLTtbpGi9FhMU0N0muQ8HdTsuhRsU2cjP.webp)
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Թուրքիայի նրա պաշտոնակից Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են անցկացրել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Պաղեստինի շուրջ վերջին զարգացումներին, ինչպես նաև Իրանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Իրանի ԱԳ նախարարը, նշելով, որ երկրները կտրականապես դեմ են Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանմանը, նման «դավադրությունը» որակել է որպես «պաղեստինցի ժողովրդի դեմ ցեղասպանության քաղաքականության շարունակություն»։ Նա ընդգծել է տեղահանման սպառնալիքին դիմակայելու համար իսլամական պետությունների կողմից հաստատուն և միասնական դիրքորոշման կարևորությունը` հորդորելով Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների անհապաղ հանդիպում անցկացնել` լուծելու այս խնդիրը:
Արաղչին, վկայակոչելով հիանալի երկկողմ հարաբերությունները, նշանակալից և արդյունավետ քայլ է համարել Իրանի և Թուրքիայի միջև վերջերս կայացած քաղաքական խորհրդակցական հանդիպումը, որը գլխավորել են երկու երկրների արտաքին գործերի փոխնախարարները։ Նա ընդգծել է երկու երկրների միջև կանոնավոր երկխոսության պահպանման կարևորությունը տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման և զարգացման համար:
Իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացման կապակցությամբ` ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Նա նաև նշել է բոլոր իսլամական երկրների կողմից Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը շարունակելու անհրաժեշտությունը և ողջունել Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստ հրավիրելու՝ Իրանի արտգործնախարարի առաջարկը։