ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Ազգային Պաշտպանության նախկին նախարար, Անկախ հույներ կուսակցության առաջնորդ Պանոս Կամենոսն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին:
«Մեր հայ եղբայրներ, հույն ազգը ձեր կողքին է: Ես մեծ պատիվ ունեի ճանաչելու Հայաստանի հերոսներին, ովքեր պայքարում են հանուն իրենց հողերի ազատագրման և ժողովրդի պաշտպանության` Ցեղասպանությունը շարունակող նոր իսլամիստների դեմ: Աստվածն ու հույները ձեզ հետ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Պանոս Կամենոսը:
Եվրախորհրդարանում «Նոր Ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ստելիոս Կիբուրոպուլոսը ևս անդրադարձել է արցախա-ադրբեջանական հատվածում առկա լարվածությանը:
«Այսօր հայ ժողովուրդն անհիմն հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից: Ես Եվրախորհրդարանում կձեռնարկեմ ցանկացած նախաձեռնություն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի և ցանկացած երկրի նկատմամբ, որը կսատարի Ադրբեջանին: Իմ մտքերը հերոսական և քաջ հայ ժողովրդի հետ են»,- պատգամավորը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: