ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Ռուսաստանի համար լուրջ անհանգստության առիթ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Սպուտնիկ»-ի ուղիղ եթերում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իրավիճակի սրումը կապված չէ դրսից Ռուսաստանի համար նոր դժվարություններ ստեղծելու փորձի հետ: Մարտական գործողությունները պետք է անհապաղ ավարտվեն: Հակամարտության կարգավորումը պետք է տեղափոխվի քաղաքական և դիվանագիտական դաշտ», -ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև նշել է, որ Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Պեսկովի կարծիքով` այժմ ժամանակը չէ հասկանալու, թե ով է ճիշտ, ով` սխալ, այլ անհապաղ պետք է դադարեցվի կրակը:
«Անհրաժեշտության դեպքում Պուտինը կխոսի Ադրբեջանի ղեկավարության հետ»,- ասել է Պեսկովը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: