Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

«Ծննդի գրանցումը՝ ծննդատնում» ծրագիրն առաջիկայում կմեկնարկի մարզերում

«Ծննդի գրանցումը՝ ծննդատնում» ծրագիրն առաջիկայում կմեկնարկի մարզերում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել «Ծննդի գրանցումը՝ ծննդատնում» ծրագրի մասին: Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, ՀՀ արդարադատության նախարարը հիշեցրել է, որ 2020 թվականի մարտի 8-ին հայտարարեցին նախագծի մասին, որին հենց առաջին փուլում միացան Երևանի 3՝ ամենաշատ ծննդօգնություն տրամադրող բժշկական կազմակերպությունները, իսկ հունիսից՝ ևս 4-ը։ Մարտի 8-ից ՔԿԱԳ գործակալության անունից բժշկական հաստատություններում սկսել են կատարվել երեխաների ծնունդների և նրանց նկատմամբ հայրության որոշման պետական գրանցումները, ինչպես նաև ապահովվել է երեխայի ծննդի կապակցությամբ միանվագ դրամական օգնության տրամադրման դիմումների ընդունումը:

Նախարարը հայտնել է, որ 2020 թվականի հունիսի 20-ից առ այսօր Երևանում գրանցվել է 5 հազար 255 ծնունդ, որից 3 հազար 688-ը՝ 7 բժշկական կազմակերպություններում տեղակայված սպասարկման կենտրոններում։

Ռուստամ Բադասյանը կարծում է, որ այս Ծրագրով մենք ոչ միայն նպաստել են յուրաքանչյուր երեխայի հիմնարար իրավունքների ու ազատությունների երաշխավորմանը, այլև խնայել են երեխայի ծնողների ժամանակն ու ֆինանսները։ Բացի այդ, Ծրագիրը նաև ամբողջությամբ համապատասխանեց կորոնավիրուսային հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված պետության կողմից իրականացվող քաղաքականությանը՝ հնարավորինս նվազեցնելով քաղաքացիների տեղաշարժը կապված երեխայի ծննդի գրանցման հետ:

Այս պահին ծնունդները տեղում գրանցում են Երևանի հետևյալ բժշկական կազմակերպությունները՝

1 «Էրեբունի» բժշկական կենտրոն,
2«Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ,
3 Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ,
4«Շենգավիթ» բժշկական կազմակերպություն,
5«Ս.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կազմակերպություն,
6«Գրիգոր Նարեկացի» բժշկական կազմակերպություն,
7«Աստղիկ» բժշկական կազմակերպություն։

Մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը ծրագրին կմիանա Երևանում գործող «Սլավմեդ» բժշկական կազմակերպությունը, և կազդարարվի ծրագիրը մարզերում մեկնարկելու մասին․առաջինը կմիանան Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցն» ու «Էջմիածին» բժշկական կենտրոնը:

Ծրագիրը շարունակական է և Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր ծննդօգնություն ցուցաբերող բժշկական կազմակերպություններին միանալ «Ծննդի գրանցումը՝ ծննդատնում» ծրագրին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ