Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հոկտեմբեր

Չինարիում 10 հոգանոց ընտանիքի համար նոր տուն է կառուցվում

Չինարիում 10 հոգանոց ընտանիքի համար նոր տուն է կառուցվում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերի հրանոթային արկերից մեկը, որը բաց էր թողվել հուլիսյան մարտերի ընթացքում, պայթել է սահմանամերձ Չինարիում՝ Աղասյանների ընտանիքի տան բակում: Ընտանիքը զրկվել է հացի փռից, արևային կայանից, բեկորները ծակել են տան պատերն ու պատուհանները: Երկաթե տան դռան վրա դեռ երևում են բեկորների հետքերը, որոնք, բարեբախտաբար, այդպես էլ մնացել են դռան արանքում: Փչացել են նաև սառնարանը, էլեկտրական վառարանն ու սառնարանը:

Չինարիում այդ մեծ ընտանիքի համար արդեն 7 սենյականոց տուն է կառուցվում և լրագրողների համար կազմակերպվել էր այց, որպեսզի նրանք ծանոթանային իրականացվող աշխատանքներին:

Այցին մասնակցում էր նաև «Արմենպրես»-ի լրագրողը: Աղասյանները մեկ տան մեջ ապրում են 10 հոգով՝ Սամվել Աղասյանը կնոջ՝ Լիդիա Չոբանյանի հետ, նրանց զավակները՝ աղջիկն ու տղան, վերջինիս կինն ու նրանց 5 անչափահաս երեխան:

Տան մոտ առաջինը հանդիպեցինք տան երեխաներից մեկին՝ Սամվել կրտսերին, ով բավականին ամաչկոտ էր, սակայն մի փոքր շփվեց մեզ հետ: Ասաց, որ 7 տարեկան է, արդեն երկրորդ դասարանում է սովորում: Սամվելը դեռ երազանքներ չունի: Հարցին, թե կրակոցների ժամանակ ինչ է արել, ասաց. «Պախկվել ենք, բայց չեմ վախեցել, չեմ էլ վախենում այդ ձայներից»:

Ծանոթացանք նաև Լիդիա Չոբանյանի հետ, ով մասնագիտությամբ ուսուցչուհի է: Խնդրեցինք, որպեսզի մի փոքր պատմի, թե հուլիսի 16-ի առավոտյան ինչ է եղել իրենց տան բակում:

«Սովորականի նման միանգամից պատսպարվում ենք, մեզ համար եղած-չեղած, մեկ են այդ կրակոցները, նրանց այդքան էլ ուշադրություն չենք դարձնում: Ուղղակի չէինք մտածում, որ այդքան մեծ զինտեխնիկայով կրակեն»:

Տիկին Լիդիան, կամ ինչպես նրան ներկայացրեց թոռնիկը՝ ընկեր Չոբանյանը, պատմում էր, որ մեկ արկ էլ ընկել է տան վրա, սակայն ներսի պատերը չեն վնասվել, միայն դրսից հետքեր կային:

«Պատուհաններն են կոտրվել այդ դեպքերի ժամանակ, հացի փուռն է փլվել, որտեղ ես շատ հաճախ թխում էի, դե շատ ենք մեր ընտանիքում: Արևային կայանն էլ է կոտրվել, ընդամենը 1 ամիս առաջ էինք դրել: Տան ներսում ամբողջությամբ սպասքն է ոչնչացվել»,- նշեց տիկին Լիդիան:

Նրանք հույս չեն ունեցել, որ իրենց տունը պետությունը կամ որևէ մեկը կվերանորոգի: Ասաց, որ նախկինում էլ են իրենք իրենց միջոցներով արել, այժմ էլ պատրաստ էին:

«Մենք մինչ այս դեպքերը տանը շինարարություն էինք սկսել, ցանկանում էինք մի փոքր ընդարձակել, քանի որ տան անդամները շատ են: Նույնիսկ չհասցրինք ավարտին հասցնել, սակայն հուլիսյան դեպքերից հետո ՀՀ վարչապետի որոշմամբ մեզ համար տուն են կառուցելու: Շատ ուրախ ենք, սակայն չենք հավատում, որ այդ տունն ավարտին կհասցվի, քանի որ անընդհատ կրակոցներ կան, վերջին օրերին էլ ավելի շատ են սկսել կրակել»,- նշեց Լիդիա Չոբանյանը: Վերջինս անկեղծացավ, որ ամեն օր ապրում են վախով, բայց հույսով:

Նոր տան կառուցման համար պետությունը հատկացրել է 64 մլն 180 հազար դրամ:

Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառուցվող տունը լինելու է 208 քմ և ունենալու է նաև 110 քմ ապաստարանային մաս:

«Շատ կարևոր է, որ հակառակորդի կողմից արկակոծված գյուղերի բնակիչներն իմանան, որ պետությունն իրենց կողքին կանգնած է և անում է շատ ավելին, քան կարող են պատկերացնել»,- նշեց Ղուկասյանը և հավելեց, որ ամենայն հավանականությամբ տան կառուցումն ավարտին կհասցվի մինչև ընթացիկ տարվա վերջ:

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշիավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներկրելով, հետ շպրտվել

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել էր Չինարի գյուղի մի բնակիչ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ