Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Կորոնավիրուսի պայմաններում անգամ գյուղատնտեսությունում ներդրումներ են արվում. փոխնախարար

Կորոնավիրուսի պայմաններում անգամ գյուղատնտեսությունում ներդրումներ են 
արվում. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամի առաջացրած անորոշությունների պայմաններում գյուղատնտեսության ոլորտում  ներդրումներ են արվում: Մարդիկ, որոնք նախկինում չէին էլ մտածել գյուղատնտեսության մասին, սկսել են հետաքրքրություն ցուցաբերել: Կորոնավիրուսին չի հաջողվել անգամ էական ազդեցություն ունենալ գյուղմթերքի արտահանման ծավալների վրա: Շատ ու շատ մշակաբույսերի առումով Հայաստանը ինքնաբավ է։ «Արմենպրես»հետ զրույցում այս և այլ թեմաների մասին խոսեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: 

-Պարոն Խոջոյան, կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունն այն եզակի ոլորտներից էր, որտեղ անկում չարձանագրվեց, ի՞նչ ցուցանիշներ կարող եք ներկայացնել , ինչո՞վ կպայմանավորեք դա:

-Ազգային վիճակագրական կոմիտեն ամփոփեց կիսամյակը, ըստ որի` գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 240 մլրդ դրամ: Դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.7 տոկոսով ավելի էր: Սա նշանակում է, որ չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին, գյուղատնտեսության ոլորտում ներդրումները շարունակվում են: Գյուղարտադրանքի նկատմամբ պահանջարկը միշտ կա: Ամբողջ աշխարհում վերամշակված ապրանքների նկատմամբ պահանջարկն է մեծացել: Եվ տարբեր հանդիպումներում պահածոյագործներն արդեն նշում են, որ իրենց պատվերները 20-30 տոկոսով ավելացել են: Դա նշանակում է, որ պահածոյագործների մթերման հետ կապված ավելի շատ արտադրանք կունենանք: 

-Կորոնավիրուսի շրջանում ընդգծվեց գյուղատնտեսության կարևորությունը՝ նաև պարենային ապահովման համատեքստում: Այս ամենից հետո պետության քաղաքականությունը գյուղատնտեսության ոլորտում կփոխվի՞, ավելի մեծ ուշադրություն կդարձվի՞ այս ոլորտին, կլինե՞ն ավելի շատ աջակցության ծրագրեր: Կորոնավիրուսի շրջանում նաև մարդկանց կողմից գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրության բարձրացում նկատե՞լ եք:

-Համավարակը իր հետ շուկայում բերել էր բազմապիսի անորոշություններ: Սակայն մենք տեսնում ենք, որ այդ անորոշություններով հանդերձ ոլորտում իրականացվում են ներդրումներ: Ներդրումների ցուցանիշներից մեկն է, որ ձեռք է բերվում գյուղտեխնիկա, վերամշակող սարքավորումներ: Այս տարվա առաջին կիսամյակում պետական օժանդակության լիզինգի ծրագրով միայն ձեռք էր բերվել 284 միավոր գյուղտեխնիկա, 56 վերամշակող սարքավորում: Մարդիկ, որոնք երբևէ չէին էլ մտածել գյուղատնտեսության մասին, արդեն հետաքրքրվում են և ցանկանում են մի փոքր ներդրում ունենալ գյուղատնտեսության զարգացման մեջ: Կան դեպքեր, որ մարդիկ ուրիշ ոլորտից տեղափոխվել են գյուղատնտեսության ոլորտ նաև կորոնավիրուսի ընթացքում: Ոլորտներ կային, որ շատ տուժեցին, և բիզնեսները պետք է վերապրոֆիլավորվեին: Մայիս-հունիսին շատ հյուրատներ սկսեցին նաև արտադրանք տալ, վերամշակել:

-Համավարակը գյուղմթերքի արտահանման հարցում ի՞նչ դժվարություններ առաջացրեց, ի՞նչ լուծումներ տրվեցին դրանց:

-Արտահանման շուկայում տեսնում ենք բավականին լավ ցուցանիշներ: Հիմնական խնդիրը ապրիլին էր, երբ որոշակի դժվարություններ կային սահմանային կետերում բեռնատարների հոսքը ճիշտ կազմակերպելու հետ կապված: Հայկական բեռնատարները մեր անցակետերն անցնում էին ու Վրաստանում, հետո նաև Ռուսաստանի սահմանին բավականին հերթեր էին լինում: Եվ ապրիլին Երևանից մինչև Մոսկվայի շուկա բեռները հասնում էին 16-24 օրում, որը թարմ միրգ-բանջարեղենի համար անթույլատրելի է: Բայց ի ուրախություն մեզ, մայիսի սկզբից կարողացանք այդ խնդիրները կանոնակարգել մեր գործընկերների հետ, գործընթացը սահուն կազմակերպել: Կազմակերպվեցին նաև չարտերային թռիչքներ, կարողացանք և ցամաքային, և օդային տարբերակով արտահանումն իրականացնել: Զուգահեռ նոր շուկաներ սկսեցինք ուսումնասիրել, որովհետև համավարակը ստիպեց մեզ, նաև արտահանողներին, որ իրենց կոմֆորտ զոնայից մի փոքր դուրս գան, և բիզնեսի ռիսկայնությունը գնահատելով մտածեն՝  հնարավոր են այնպիսի դեպքեր, որ մենք այդ շուկաներում խնդիրներ ունենանք: Եվ ռիսկերը նվազեցնելու նպատակով պետք է պորտֆելը դիվերսիֆիկացնել: Եղան  շուկայի ուսումնասիրություններ՝ հասկանալու, թե ինչ պայմաններ են գործում այդ շուկաներում և մեր արտադրողներն ինչ պահանջների պետք է համապատասխանեն: Եվ այդ ուղղությամբ մի քանի միջոցառումներ ենք ձեռնարկվել: Հունիսի 30-ին ամփոփեցինք դրամաշնորհային ծրագիր, որով 30 վերամշակող կազմակերպության 50 տոկոս համաֆինանսավորման սկզբունքով մինչև 25 մլն դրամաշնորհ ենք տրամադրում՝ իրենց արտադրական կարողությունները վերազինելու և սննդի անվտանգության համակարգեր ներդնելու համար: Սննդի անվտանգության այդ համակարգերը կարծես թե անձնագիրն են՝ դեպի այլ շուկաներ, եվրոպական շուկաներ: Եվ մենք համավարակի ժամանակ անմիջապես առաջին ներդրումը կատարեցինք, որպեսզի կարողանանք այդ անձնագրերը ձեռք բերել, այդ արտադրությունը կազմակերպելու համակարգերը ներդնել, վերազինել արտադրական կարողությունները, թարմացնել տեխնոլոգիաները: Օգոստոսի 15-ին հայտարարվեց ևս մեկ մրցույթ, որով ևս 20 վերամշակող գործարանի հնարավորություն կտանք այդ նույն գործընթացն իրենց գործարաններում իրագործել նույն սկզբունքներով: 

-Օպերատիվ տվյալներով՝ գյուղմթերքի արտահանման ի՞նչ ծավալներ ունենք:

-Ընդհանուր առմամբ օպերատիվ տվյալներով (08.09.2020) Հայաստանից արտահանվել է մոտ 86 հազար 654 տոննա գյուղապրանք, որից պտուղ՝ մոտ 49 հազար 519 տոննա, իսկ բանջարեղենը՝ մոտ 37 հազար 135 տոննա: Նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ մոտ 15 հազար տոննա ավելի քիչ արտահանում է եղել: Սակայն ուրախալին այն է, որ սա արտահանման խնդիրների պատճառ չէ, այլ ծիրանի և խնձորի բերքի սակավության պատճառ:  Ծիրան ավելի քիչ է արտահանվել, քանի որ ավելի քիչ ունեցանք, պատճառը հիմնականում եղանակային պայմաններն էին: Այս տարի օպերատիվ տվյալներով արտահանվել է 23 հազար 817 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա 19 հազար 481 տոննայի համեմատ: Արտահանվել է արդեն 3889 տոննա խաղող, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելի է մոտ 100 տոննայով, ելակ, ազնվամորու արտահանման ծավալը՝ 1179 տոննա, նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 1.5 անգամ: Կորոնավիրուսը գյուղմթերքի արտահանման վրա ըստ էության ազդեցություն չի ունեցել, եղանակը սակայն որոշակի ունեցել է: 

-Խոսելով գյուղմերթի արտահանման մասին՝ չենք կարող չհիշել Մոսկվայի «Ֆուդ Սիթի»-ի հայտնի դեպքերը, ադրբեջանցիները սադրանքները, դա ծիրանի արտահանման ծավալի վրա որևէ ազդեցություն ունեցա՞վ,  եղա՞ն պայմանավորվածություններ, որոնք չեղարկվեցին:

-Հայտնի դեպքերը արտահանման քանակի առումով բացարձակ ազդեցություն չունեցան: Բոլոր բեռնատարները ըստ պլանավորածի Հայաստանից մեկնել են Ռուսաստան: Նույնիսկ տարբերությունը դրական էր, «Ֆուդ Սիթի» մուտք գործելու համար մեկ բեռնատարի համար վճարում են մոտ 75-100 հազար ռուբլի: Այդ գումարներն այս անգամ փաստորեն չվճարվեցին: Կարելի է ասել, որ մի բան էլ շահեցին: Ամբողջ ծավալը սպառվեց, խնդիրները ժամանակի ընթացքում կարողացան հարթվել, մեր ապրանքները անարգել նորից մտնում են: 

-Այսինքն Ռուսաստանում հայկական ծիրան չի փչացե՞լ:

-Միայն այն երկու արկղը, որ ադրբեջանցիները գնել և տրորել էին (կատակում է), այլ ծիրան չի փչացել:

-Պարոն Խոջոյան, համավարակի հետևանքների չեզոքացման նպատակով պետությունը մշակեց նաև գյուղատնտեսության աջակցության ծրագրեր, դրանք հիմնականում արտոնյալ վարկերի տեսքով էին, որքա՞ն մարդ օգտվեց, եղան նաև դժգոհություններ, որ ոմանց բանկերը չեն տվել գումար:

-Նախկինում էլ կային գյուղատնտեսության զարգացման ծրագրեր: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում այդ նույն զարգացման ծրագրերի վարկի տոկոսը զրոյացվեց, միևնույն ժամանակ դրանցում կատարվեցին լրացումներ: Միայն կորոնավիրուսի երկրորդ միջոցառման շրջանակում արդեն շուրջ 24 հազար վարկ է տրամադրվել՝ 41.5 մլրդ դրամ ծավալով: Իսկ մինչև այդ միջոցառման սկիզբը, տարվա սկզբից տրամադրվել էր  ևս 1700-ը: Այսինքն ընդհանուր առմամբ տրամադրվել է մոտ  26 հազար վարկ, իսկ ծավալային առումով այդ գումարը կազմում է մոտ 48 մլրդ դրամ: Այսինքն` այդքան գումար արդեն մուտք է գործել գյուղատնտեսություն՝ սուբսիդավորվող վարկով: Մեր բոլոր ծրագրերով այս տարի ունենք գերակատարումներ, ակտիվություն կա: Սակայն ի սկզբանե որդեգրել էինք այս սկզբունքը, որ վարկը չպետք է լրացուցիչ բեռ դառնա ֆերմերի համար, ճիշտ վարկունակության գնահատումը շատ ենք գնահատում: Այդ ճիշտ վարկունակության գնահատման արդյունքում է, որ շատ մարդիկ դժգոհում են: 

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ