Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Մայիս

Վերին Գետաշենում ընթանում են փողոցների ասֆալտապատման եւ ոռոգման ներքին ցանցի կառուցման աշխատանքները

Վերին Գետաշենում ընթանում են փողոցների ասֆալտապատման եւ ոռոգման ներքին 
ցանցի կառուցման աշխատանքները

ԳԱՎԱՌ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում օգոստոսի 27-ի դրությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթացքի մեջ են յոթ փողոցների ասֆալտապատման եւ ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից,  ասֆալտապատվող յոթ փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 3 700 գծամետր: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 115 միլիոն 600 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 69 միլիոն 360  հազար դրամը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 46 միլիոն 240 հազար դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը: Ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսին: Կառուցվող ջրատարի երկարությունը 2 100 գծամետր է: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 միլիոն 200 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 30 միլիոն 240 հազար դրամը հատկացրել է կառավարությունը, 30 տոկոսը կամ 12 միլիոն 960 հազար դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը: Ոռոգման համակարգը կառուցվում  է 13 թաղամասերում, տարբեր տրամաչափերի երկաթե խողովակներով կամ կիսախողովակներով:

«Ասֆալտապատվելու են համայնքի Ա թաղամասի 1-ին, Բ թաղամասի 3, 5, 6, 9, 11, 13 փողոցները: Համայնքի կողմից որպես ներդրող մասնակցել է բարերար Արտավազդ Սիմոնյանը՝ 13 միլիոն դրամ ներդրմամբ: Ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են մեկ ամիս առաջ եւ կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Աշխատանքներն իրականացված են շուրջ 40 տոկոսով: Այսօրվա դրությամբ Վերին Գետաշենի ոռոգման ներքին ցանցի կառուցման ծրագիրն իրականացված է կիսով չափ: Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին՝ ոռոգման ընթացքին չխանգարելու նպատակով: Այժմ շինարարությունը վերսկսված է: Հուսով ենք, որ առաջիկա 20 օրում ոռոգման ներքին ցանցն ամբողջությամբ պատրաստ կլինի շահագործման»,- շինարարության ընթացքը ներկայացրեց Վերին Գետաշեն  համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանը:

Խոսրով Խլղաթյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ