Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քայլարշավ, ընտանեկան հանգիստ, արկածային տուրիզմ․ ինչ են նախընտրում ներքին զբոսաշրջիկները

Քայլարշավ, ընտանեկան հանգիստ, արկածային տուրիզմ․ ինչ են նախընտրում 
ներքին 
զբոսաշրջիկները

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համավարակի պայմաններում, երբ օդային հաղորդակցությունը սահմանափակ է, Հայաստանում բնակվողներն իրենց հանգիստը կազմակերպելու համար նախընտրում են գնալ քայլարշավների կամ արկածային տուրիզմով զբաղվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետ Անահիտ Ոսկանյանը։ 

«Նայելով ներքին տուրիզմի ակտիվությանը, կարող ենք ասել, որ ավելի շատ ակտիվանում են այն ուղղությունները, որոնք ավելի հանրամատչելի են։ Այսինքն՝ այս տարի ավելի շատ հետաքրքրված են քայլարշավային զբոսաշրջությամբ կամ նախընտրում են պարզապես ընտանեկան հանգստի մեկնել։ Քիչ չեն նաև արկածային տուրիզմով հետաքրքրվողները։ Երբ զրուցում ենք տվյալ տեսակի զբոսաշրջության ծառայություններ մատուցողների հետ, նրանք ընդգծում են, որ ներքին զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում՝ կանյոնինգի, ինչպես նաև  ռաֆթինգի նկատմամբ»,- նշեց Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ առողջարանները, այն հյուրանոցները, որոնք բարձրակարգ ծառայություններ են մատուցում, առաջիկա 1 ամիսն ամբողջությամբ զբաղված են։

Ոսկանյանը շեշտեց, որ շատ երիտասարդներ հետաքրքրված են նաև մեկօրյա տուրերով, երբ կարող են ձիավարել, հեծանվային տուրիզմով զբաղվել և այլն։

«Հայաստանում կան մոտ 11 միավորում, որոնք զբաղվում են քայլարշավներով և իրենք նշում են, որ ավելի քան 1000 մարդ շաբաթ-կիրակի օրերին նախընտրում է բարձրանալ տարբեր սարեր։ Մոտ 1-2 ամսում բավականին զարգացել է ջիփինգը՝ off-road մեքենաներ ունեցողները փոքր խմբերով հավաքվում են և գնում վրանային հանգստի»,- ասաց Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետը։

Նա ընդգծեց, որ ուսումնասիրելով զբոսաշրջիկների արձագանքները՝ պարզ է դառնում, որ Հայաստանում երեխաների հետ հանգստի մեկնելու համար շատ քիչ ռեսուրսներ կան։ Հիմնական ուղղությունը Դիլիջանն է կամ նմանատիպ զբոսաշրջային ենթակառուցվածքներով հագեցած կետերը։


Լիլիթ Դեմուրյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am