Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Հայաստանի սրտից՝ Բեյրութին․ ՀՀ-ն առաջին չվերթով դեղորայք է ուղարկում Լիբանան

Հայաստանի սրտից՝ Բեյրութին․ ՀՀ-ն առաջին չվերթով դեղորայք է ուղարկում Լիբանան

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն առաջին չվերթով որպես հումանիտար օգնություն Լիբանան է ուղարկում դեղորայք և առողջապահական պարագաներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով նույնպես մեկնելու է Լիբանան՝ տեղում հայկական համայնքի խնդիրներին ծանոթանալու նպատակով։ «Մենք, շատ նրբանկատ գտնվելով, Լիբանանում մեր համայնքի շահերից ելնելով՝ առաջին բեռը տանում ենք Լիբանանի ժողովրդի, Լիբանանի պետության համար, որպեսզի հարց չծագի, թե ինչու են առանձին մոտեցում ցույց տալիս Լիբանանի հայկական համայնքին, և ոչ թե Լիբանանի ողջ ժողովրդին։ Երկրորդ չվերթով արդեն հայկական համայնքի համար կլինի պարենամթերք, այն ամենը, ինչ համայնքն անհրաժեշտ է համարում ըստ ցուցակների, որոնք արդեն ստացել ենք։ Նույնը նաև երրորդ չվերթով։ Շատ կարևոր ենք համարում, որպեսզի Լիբանանի ժողովուրդը հասկանա, որ մենք հիշում ենք այն դրական դերը, որ նրանք խաղացել են մեր ժողովրդի ճակատագրում, մանավանդ Ցեղասպանությունից հետո, երբ նրանք թույլ են տվել, որ մեր հայրենակիցներն այնտեղ հաստատվեն և բարգավաճեն երկար տարիներ»,- նշեց նա։

Նա հավելեց, որ Լիբանան են գնում այնպիսի պայմաններում, երբ երկիրն ալեկոծված է։ «Բայց Լիբանանի ժողովուրդը մեզ համար  եղբայրական ժողովուրդ է, պետությունն էլ մեզ համար եղբայրական պետություն է»,- ասաց Սինանյանը։

Մարդասիրական  բեռների արկղերն ունեին հետևյալ մակագրությունը՝ «Հայաստանի սրտից Բեյրութին»։ 

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Զարեհ Սինանյանը հայտնեց, որ հաջորդ թռիչքը տեղի կունենա օգոստոսի 9-ին, իսկ երրորդը՝ օգոստոսի 11-ին։ Նրա խոսքով, սակայն, սա չի նշանակում, թե դրանով սահանափակվելու են։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 157-ը, վնասվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհերի շարքում 13 հայ կա և շուրջ 300 վիրավոր:

Կարեն Խաչատրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ