Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Կառավարությունն արտոնություն է տրամադրել Իջևանի գինու, կոնյակի գործարանին

Կառավարությունն արտոնություն է տրամադրել Իջևանի գինու, կոնյակի գործարանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: «Հարգելի գործընկերներ, կրկին ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ նոր տեսակի կորոնավիուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանի Հանրապետությունում շարունակաբար թուլանում է, բայց բացարձակ թվերն ամենօրյա՝ նոր դեպքերի հայտնաբերման, շարունակում են բարձր մնալ: Բայց հիմա մենք ունենք որոշակի վստահություն, որ հայտնաբերելիությունը դեպքերի լավացել է, բարձրացել է, որովհետև, եթե նախկինում նոր դրական դեպքերը հասնում էին օրվա հետազոտությունների 25-30 տոկոսի մակարդակի, հիմա տատանվում են 15 տոկոսի, պլյուս-մինուս 1-2 տոկոս, շրջանում, ինչը նշանակում է, որ մենք հայտնաբերելիության էական աճ ունենք: Մենք այս առումով մարտավարության որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել: Եթե նախկինում հոսքերը մեծ էին, և մենք, ըստ էության, պասիվ սպասում էինք, որպեսզի մարդիկ իրենք դիմեն, հիմա մարտավարության փոփոխություն է տեղի ունենում, և Առողջապահության նախարարությունն ավելի նախաձեռնող կլինի,  և ռիսկային որոշ տեղերում մենք սեփական նախաձեռնությամբ   ախտորոշումներ կիրականացնենք», - ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ  սա կլինի այն ձևը, որը հնարավորություն կտա հաղթահարել համաճարակը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ հայտնաբերված դեպքերը պետք է լինեն այնքան, որ կազմեն թեստավորված դեպքերի ոչ ավելի, քան 10 տոկոսը։ «Դժբախտաբար ունեցել ենք ժամանակ, երբ 30-ից ավելի տոկոս է եղել, սակայն դրանից հետո կայուն անկում ունենք մինչև 15 տոկոս, և հույս ունենք, որ կհասնենք այդ 10 տոկոսին: Դրան հասնելու համար մենք ռիսկային խմբերում՝ փակ հաստատություններում, բնակչության շրջանում, կոլեկտիվներում  հետազոտություններ կիրականացնենք։ Դրանց մեջ են մտնում սուպերմարկետները, ֆաբրիկաները, փակ հաստատություններ, հոգեկան առողջության կենտրոնները, բանկերը, թաղապետարանները և այլն։ Այսինքն, եթե նրանցից մեկի մոտ թեստը դրական է, չենք սպասում մյուսների մոտ սիմպտոմներ ի հայտ գան՝ բոլորին թեստավորում և արագ հայտնաբերում ենք։ Օրինակ՝  օրերս հետազոտել ենք  հոգեկան առողջության կենտրոններից մեկը՝ միանգամից 350 հոգու և 25 դրական դեպք ենք հայտնաբերել, որոնք որևէ սիմպտոմ, գանգատ չեն ունեցել»,-ասել է նախարարը:

Վարչապետը նշել է, որ  ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 68 պացիենտ, ծանր վիճակում՝ 300 պացիենտ, իսկ ամենապիկը ծայրահեղ ծանրերի եղել է 131: «Ծանր դեպքերի պիկը եղել է հուլիսի 9-ին ՝ 572 դեպք: Տեսնում ենք, որ էականորեն թվերը նվազել են: Այս ամենն ասում եմ կրկին անգամ ընդգծելու, որ միանշանակ մեր վերլուծությունը ցույց է տալիս՝ մենք նման անկում կարողացել ենք արձանագրել հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնը ներդնելու արդյունքում և շնորհիվ: Եվ հետևաբար այսօր մեր ուղերձը հստակ է՝ հակահամաճարակային բոլոր կանոնները, որոնք սահմանված են, պետք է պահպանվեն խստագույնս, և այդ կանոնների կուլմինացիան դիմակների պարտադիր կրումն է և՛ բաց, և՛ փակ տարածքներում, և, իհարկե, սոցիալական հեռավորության պահպանումը և ձեռքերի պարբերաբար ախտահանումը:

Ոստիկանությունը շարունակում է նույն խստությամբ հետևել դիմակների կրման կանոններին: Ես ուզում եմ ասել մեր բոլոր սիրելի հայրենակիցներին, ովքեր տհաճություն են ունենում դիմակ չկրելու պատճառով տուգանվելու արդյունքում, հետևանքով, դրա համար կա շատ պարզ ձև չտուգանվելու՝ ուղղակի կրել դիմակ և դիմակը կրել սահմանված ձևով, որովհետև եթե մենք այս ճանապարհով չգնանք, այս հաջողության հնարավորությունն աներկբա ձեռքից բաց ենք թողնելու»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը ավելի քան 277 մլն դրամ կհատկացվի  Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու և հրետակոծության հետևանքները  վերացնելու նպատակով

Կառավարության համապատասխան որոշմամբ 277,618.7 հազար դրամ կհատկացվի  ՀՀ Տավուշի մարզպետարանին՝ հրետակոծության հետևանքները  վերացնելու և  մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետևանքով տուժած ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցման, վերակառուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 302,618.7 հազար դրամ, որից 25 մլն դրամը ՀՀ կառավարության որոշմամբ կանխավճարի տեսքով արդեն իսկ հատկացվել է: Հատկացվող 277,618.7 հազար դրամից 110,581.5 հազար դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը, 84,357.2 հազար դրամը՝ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի դպրոցների հիմնանորոգմանը և ապաստարանների նորոգմանը, իսկ 82,680 հազար դրամը` Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգմանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Ինչպես մենք պարտավորվել ենք հուլիսյան դեպքերից հետո՝ պետք է աջակցենք սահմանապահ գյուղերին: Ընդ որում, որոշակի ազդակներ են ստացվում, որ աշխատանքները բավարար արագությամբ չեն ընթանում: Ըստ ամենայնի՝ մի քիչ մենք ենք դանդաղում, մի քիչ բնակիչներն են ուզում ավելի արագ տեսնել աշխատանքները: Այս ընթացքում նաև մի քանի քննարկումներ ենք ունեցել, որպեսզի այս հատկացվող գումարի ծախսումը դարձնենք առավել արդյունավետ: Ուզում եմ ընդգծել, որ Չինարի գյուղի ավերված բնակելի տունը մենք զրոյից կկառուցենք: Ներքին Կարմիրաղբյուր գյուղում պուրակ կհիմնենք ավերված տներից մեկի տեղում. այդտեղ մարդ չի ապրում, մենք կգնենք այդ տարածքը սեփականատիրոջից և կնվիրենք գյուղին:

Մեր խնդիրը հետևյալն է՝ աշխատանքները պետք է արվեն հնարավորինս արագ և որակով, և շատ կարևոր է աշխատանքի բովանդակությունը: Մենք ոչ միայն ուղղակի առաջացած փոսը պետք է լցնենք, այլ փորձենք այս աշխատանքներով նոր բովանդակություն, նոր գույն, նոր երանգ հաղորդել սահմանապահ գյուղերին, ինչով մենք նաև որոշակի ռազմավարական մեր մոտեցումները կարտահայտենք և այդ գյուղերի վերածննդի հիմքը կդնենք»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև հրետակոծությունից տուժած սահմանամերձ բնակավայրերում իրականացվող շինարարության մեջ նոր Հայաստանի փիլիսոփայությունը ներդնելու կարևորությունը: «Պետական շինարարության և ոչ պետական շինարարության ընկալման տարբերությունը պետք է վերանա: Երբ ասում ենք տուն՝ չպետք է հասկանանք միայն չորս պատ, մեկ տանիք, երբ ասում ենք պուրակ՝ չպետք է հասկանանք միայն չորս նստարան և մեկ ցայտաղբյուր: Պետք է այս պետական շինարարության հետ շինարարական նոր մշակույթ, նոր գույն, փիլիսոփայություն մտնի այդ փոքր տարածքներում: Մեր արած գործի մեջ պետք է արտահայտվի այն, ինչ մենք խոսում ենք: Մենք խոսել ենք գյուղերում գույների բացակայության մասին, քաղաքաշինական խնդիրների, միջավայրի խնդիրների մասին և անթույլատերի է, որ այդ մասին խոսելուց հետո մեր կառուցածի վրա այն չարտահայտվի»,-նշել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս առաքելությունը շատ պատասխանատու է:

Վարչապետի խոսքով՝ Տավուշում կառուցվող պուրակն ու բնակելի տունը նոր Հայաստանը պետք է լինեն:

 

Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին կտրվի որակյալ կրթություն ստանալու հնարավորություն

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու և որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ հիմքերով տարկետում ստացած քաղաքացիներին գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը մերժելու դեպքերը բացառելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ գործող կարգով  քաղաքացիներին յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ: Առաջարկվող փոփոխությամբ, մասնավորապես, այն  քաղաքացիները, որոնք ուսումնառության ընթացքում կամ դրա ավարտից հետո կներկայացնեն կարգի համապատասխան կետով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը և կստանան հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն, հնարավորություն կունենան օգտվել տարկետման իրավունքից՝ մինչև նոր ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը:

 

«Այս փոփոխությամբ նաև հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած, սակայն այլ հիմքով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներն ընդգրկվում են ՀՀ կառավարության որոշման նախագծում, որով նշված քաղաքացիների համար տարկետումն ուժի մեջ է մտնում այլ հիմքով ստացած տարկետումը դադարելու օրվանից հետո»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշել է, որ  այլևս այլ հիմքով տարկետում ստացած քաղաքացիներն իրենց տարկետման ավարտից հետո նոր տարկետման համար ևս մեկ անգամ դիմելու անհրաժեշտություն չեն ունենա, եթե հանձնաժողովի կողմից արդեն ստացել են դրական եզրակացությունը:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է  շրջանառության մեջ դրված հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերին և  նշել. «Երեկ ինձ մոտ քննարկում է տեղի ունեցել. քննարկել ենք հանրակրթության պետական չափորոշիչը, որը արդեն իսկ շրջանառության մեջ է և առաջիկայում պետք է կառավարության նիստով ընդունենք: Քանի որ շատ լայն քննարկումներ կան, ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել՝ այն նախագիծը, որը դրված է շրջանառության մեջ, արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ: Այս ընթացքում, իհարկե, այն կանցնի ընթացակարգերով, կարծիքների հավաքագրումով: Մենք մեր այդ ռազմավարական պատկերացումը պետք է արձանագրենք»:

Վարչապետը նշել է, որ ռազմավարական պատկերացումները բխում են Հայաստանի Հանրապետության պետական, ազգային շահերից, ՀՀ քաղաքացիների ու յուրաքանչյուր անհատի շահերից: «Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է, և որևէ մի բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն և Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված Հայոց պետականության հավիտենության հայեցակարգը հենց այսօրվանից կյանքի կոչելուց, և հանրակրթության չափորոշիչն այս իմաստով ունի կարևորագույն և առանցքային նշանակություն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

Այլ որոշումներ

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ սեփականությունը հանդիսացող  Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց 9 վարչական շենքը՝ 2191,2մ2 ընդհանուր մակերեսով, 536,608,652 ՀՀ դրամ  կադաստրային արժեքով և վարչական շենքի սպասարկման հողամասը՝ 0,05685 հա մակերեսով ու 34,098,000 ՀՀ դրամ արժեքով հետ վերցնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից և ամրացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին: Ըստ հիմնավորման՝ 2020թ.-ին  հունվարին ավարտվել է նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմի և նրանց անհրաժեշտ գրասենյակային գույքի տեղափոխման աշխատանքները՝ վերոնշյալ  շենքից Կառավարական տուն 2  շենք: Որոշմամբ կիրականացվի պետական գույքի արդյունավետ կառավարում:

Գործադիրի որոշումներով «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից: Ընկերությունը զբաղվում է գինու և կոնյակի արտադրությամբ ք․ Իջևանում։ Ծրագրի շրջանակում նախատեսում է ներմուծել պահամաններ՝ գինու և կոնյակի պահպանման համար։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր 201․7 մլն դրամի չափով ներդրում ցանկում ներկայացված պահամանների ձեռքբերման համար։ Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 140 հազար դրամ միջին աշխատավարձով:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ