Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վաղաշենի հնագիտական կենտրոնում ցուցադրվում է հազարից ավելի հնագիտական նյութերի հավաքածու

Վաղաշենի հնագիտական կենտրոնում ցուցադրվում է հազարից ավելի հնագիտական 
նյութերի հավաքածու

ԳԱՎԱՌ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի հյուսիսարեւմտյան մասում, նույն գյուղի բնակիչ Համեստ Գեւորգյանի առանձնատան նկուղային հարկում տեղավորված  է  Հնագիտական կենտրոնը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հնագիտական կենտրոնի նախաձեռնող եւ համահիմնադիր Համեստ Գեւորգյանը, այստեղ խնամքով պահպանվում է հազարից ավելի հնագիտական նշանակության իրերի արժեքավոր հավաքածուներ, որոնք թվագրվում են քարե դարից մինչեւ նորագույն ժամանակներ: Յուրաքանչյուր հավաքածու ունի իր ուրույն պատմությունը, ժամանակագրությունը, աշխարհագրությունը, հետաքրքրությունը: Այցելուների դեմ հառնում են հին, միջին ու նոր դարերի մշակույթը, կենցաղը, սովորույթներն ու հավատալիքները, տնտեսական հարաբերությունները, պատմաքաղաքական իրադարձությունները:Եվ այս անգնահատելի հոգեւոր հարստությունը հավաքվել է իր եւ իր որդի Էրիկ Մարկարյանի ջանքերով, վերջին տաս տարիների ընթացքում: Հավաքածուների հիմնական մասը ձեռք է բերվել Մարտունու շրջանի տարբեր բնակավայրերից, ինչպես նաեւ՝ Վայոց Ձորի, Արմավիրի մարզերից ու մայրաքաղաքից: Այստեղ կարելի է տեսնել հնագույն քարե գործքիներ, սանդ, երկանք, սայլի երկաթե անիվներ ու փայտե մասեր, գյուղատնտեսական բազմապիսի գործիքներ, եզան լուծ, կահկարասի, պղնձե կամ կավե հնագույն կամ նորագույն ամաններ, թախտ, խսիր, սանդերք, իլիկ, արչկան, տրեխ կարելու քարե տրամաչափ, երաժշտական գործիքներ, երկաթակուռ  կամ պողպատակուռ  դաշույններ, օրորոցներ, գործվածքներ, փայտե շերեփներ ու փայտագործական այլ իրեր, սափորներ, կժեր, մշակված եղջյուրներ, խաղող ճզմելու սարք, տարբեր պետությունների կողմից տարբեր դարաշրջաններում թողարկված դրամներ, այլ իրեր:

«Մայր ու որդի սիրով ու նվիրումով  են հավաքում հնագիտական իրերը: Մարդիկ հիմնականում կամավոր կերպով, անշահախնդիր հանձնում են իրենց ձեռքի տակ հայտնված հնագիտական նյութերը, սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ նրանցից ոմանք  անպայման ուզում են իրենց գտածոների դիմաց գումար ստանալ: Այդ դեպքում  Համեստը կամ Էրիկը չեն խնայում իրենց գումարները եւ արժեքավոր իրերի դիմաց երբեմն ստիպված են լինում վճարել  ընտանեկան համեստ բյուջեից, մտածելով, որ էլի մեկ կարեւոր պատմագիտական արժեք են փրկում: Իրենց տան հացի փողն անգամ չեն խնայում, երբ խոսքը վերաբերում է այդ կարեւոր արժեքների պահպանությանը:Եթե այդպես չլիներ, ապա այժմ հնագիտական այս կենտրոնն այսքան հարուստ հավաքածու չէր ունենա»,-հավաստեց ՀՀ պետական պատկերասրահի Մարտունու մասնաճյուղի տնօրեն Անահիտ Գեւորգյանը:

Համեստ Գեւորգյանն ու Էրիկ Մարկարյանը սիրով ու մանրամասնորեն ներկայացնում են հավաքածուների պատմությունները:Նրանք ճշգրտորեն ու վառ են հիշում, թե ինչպես ու որտեղից է ձեռք բերվել տվյալ իրը կամ գործիքը, ինչ դարաշրջան ու ինչ արժեք է այն ներկայացնում:    «Այս ձեռագործ սրբապատկերը, որը պատկերում է Աստվածամորն ու մանուկ Հիսուսին, մեր հնագիտական կենտրոնին է նվիրել իմ ընկերուհու սկեսուրը՝  մայրաքաղաքում բնակվող Եղիսաբեթ Աթաբեկյանը: Այս բացառիկ աշխատանքը կերտվել է Իգդիրում, նախորդ դարի ընթացքում եւ մոտ 100 տարի առաջ բերվել է  Արմավիրի մարզի Մարգարա գյուղ՝ Եղիսաբեթի սկեսուրի ընտանիք, որտեղից էլ հանգրվանել է Երեւանում, ապա՝ մեզ մոտ: Դրսում տեղադրված սանդը մեզ մոտ բերվել է վերջերս, Արծվանիստ գյուղում իրականացված շինարարական աշխատանքների ժամանակ հողի տակից դուրս գալուց հետո:Աղբյուրի քարե գուռը բերվել է Վաղաշենի գյուղամիջից: Խաղող ճզմելու այս սարքը մեզ հիշատակ է մնացել իմ սկեսուրից՝ Խանաղով  Մարկարյանից: Այն Վաղաշեն է բերվել Թիֆլիսից եւ օգտգործվել մեր ընտանիքում՝ օղի թորելու նպատակով: Մենք կոչով դիմել ենք բոլորին, որ շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ եկած հնագիտական նշանակության արժեքները դեն նետելու կամ փչացնելու փոխարեն հանձնեն մեր պահպանությանը: Մարտունու շրջանի գրեթե բոլոր գյուղերի տարածքներից մենք  ձեռք ենք բերել հավաքածուներ:Մարդիկ հիմնականում սիրով ու հոժարակամ մեզ տրամադրում են իրենց գտածո իրերը: Լինում են նաեւ դեպքեր, երբ ոմանք դրանք ցանկանում են հանել վաճառքի: Այդ դեպքում մենք ստիպված ենք լինում սակարկել ու վճարել, երբ հնագիտական կարեւոր արժեք ենք տեսնում  գտածոյի մեջ: Այս իրերը ցույց են տալիս, թե ինչ կենցաղով են ապրել մեր հեռու եւ մոտիկ նախնիները, ինչ գործիքներ են օգտագործել, ինչ արհեստների ու արվեստների տիրապետել: Որոշ իրեր պահպանում եմ որպես սրբություն, քանի որ դրանք    ինձ են փոխանցվել իմ լուսահոգի պապ ու տատերից: Դրանք գյուղգործիքներ են կամ կենցաղային տարբեր իրեր: Հնագիտական կենտրոնը հարստանում է ամսեամիս կամ տարեցտարի, իսկ մեր ունեցած տարածքը գնալով նեղանում է»,-ներկայացրեց Համեստ Գեւորգյանը:

Էրիկ Մարկարյանը եւս անհուն սեր ու նվիրում է ցուցաբերում դեպի հայրենի պատմամշակութային արժեքների պահպանությունն ու հանրահռչակումը: Նա  թեեւ ունի ընդամենը միջնակարգ կրթություն ու երաժիշտ-դուդուկահարի մասնագիտություն, աշխատում է շինարարության բնագավառում, սակայն ամենօրյա ինքնակրթությամբ հասցրել է ամբարել հայրենագիտական խորը գիտելիքներ, որոնք սիրով մատուցում է հնագիտական կենտրոնի այցելուներին:   «Այս «Մոսին» հրացանի հնացած փողը գտնվել է Վերին Գետաշենի հին գոմի պատի միջից: Ասում են, որ դա եղել է Զորավար Անդրանիկի զինվոր Աղջնա Վահանի հրացանի փողը, որը պահվել է գյուղացիներից մեկի կողմից: Եվ դա արժանահավատ է, քանի որ Աղջնա Վահանը թաղված է Վերին Գետաշենի եկեղեցու բակում: Այդ մասին նույնիսկ հիշատակություն կա Խաչիկ Դաշտենցի  «Ռանչպարների կանչը» գրքում: Այս դաշույնը մեր կենտրոնին նվիրել են Մարտունու տանուտեր, ՀՅԴ հայտնի գործիչ, բռնադատմանը զոհ գնացած Դանիելի Արմենակի թոռները: Դրամները ստիպված ենք պահպանել տան վերնահարկում, քանի որ նկուղային հարկում դրանք որակազրկվում էին, հատկապես թղթադրամները: Մեր լեռնաշխարհում հողի կամ շինությունների մեջ, մարդկանց տներում թաքնված բազմաթիվ արժեքներ կան, որոնք պետք է ի հայտ բերենք ու պահ տանք դարերին: Սակայն օր օրի մեր տարածքը փոքրանում է հնագիտական արժեքների պահպանության համար: Որոշել ենք մեր հողամասի մեջ մի հազարաշեն տուն-թանգարան կառուցել եւ մեր ողջ հավաքածուն տեղափոխել այնտեղ: Հազարաշեն տունը պետք է իր ճարտարապետական ոճով  հիշեցնի այն բնակարանները, որոնցում հազարամյակներով ապրել է մեր ժողովուրդը: Սակայն առայժմ մեր մտահղացումը մնում է սոսկ ցանկություն, քանի որ դրա համար չունենք բավարար միջոցներ: Մեզ հարկավոր է դրամաշնորհ կամ աջակցություն, որպեսզի կարողանանք կյանքի կոչել մեր հանրօգուտ ու ազգապահպան մտահղացումը»,-ներկայացրեց Էրիկ Մարկարյանը:

Իսկ բնակարանի վերնահարկում այցելուներին հերթական անակնկալն է սպասում: Այստեղ տեղավորված է այս ազգասեր ու գրասեր ընտանիքի հարուստ գրադարանը, որտեղ պահպանվում են համաշխարհային ու հայ գրականության դասականների հեղինակած գրքերը՝ մի քանի հազար կտոր: Ապա այցելուներին դիմավորում է հայկական հարուստ խոհանոցը, որտեղ Համեստ Գեւորգյանի ձեռքով պատրաստված ազգային համեղ ուտեստներն են մատուցվում: Հարիսան, յախնին, տոլման, տապակած տարատեսակ բանջարեղենները, կանեփով տոլման, սպասը, փլավը, գաթան, զանազան այլ ուտեստեղենները մարդիկ ճաշակում են մեծ հաճույքով ու հեռանում տպավորված՝ իրենց հետ տանելով թե հոգեւոր արժեքների փայլը, թե ճաշերի համն ու հոտը:

 «Մեզ այցելում են աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից: Բոլորը հեռանում են տպավորված: Աշխարհով մեկ բռնկված համավարակի պատճառով այս տարի այցելուներ գրեթե չունեցանք, սակայն համոզված ենք, որ դժվարին ժամանակները շուտով կմնան հետեւում, իսկ մենք կկարողանանք իրականացնել մեր մտահղացումները՝ ստեղծելով թանգարանային ավելի բարվոք տարածք ու պայմաններ, ժամանակակից հյուրատուն, ավելացնելով մեր այցելուների քանակը: Մենք ունենք ինտերնետային էջ, որի միջոցով էլ հասանելի ենք դառնում աշխարհի բոլոր երկրների հետաքրքրասեր մարդկանց: Այս կերպ մենք նաեւ աշխարհին ծանոթացնում ենք մեր ժողովրդի ստեղծած դարավոր պատմամշակութային արժեքներին»,-մեր զրույցը եզրափակեց Համեստ Գեւորգյանը:

Համեստ Գեւորգյանը ծնվել ու հասակ է առել Մարտունի քաղաքի ավանդապաշտ ընտանիքում, որը հիմնադրել են Սարգիս եւ Աշխեն Գեւորգյանները՝ սնելով ու դաստիարակելով ութ  զավակի, նրանց մեջ սեր արթացնելով դեպի գիրն ու գրականությունը, մշակույթը, ազգային արժեքները: Համեստ Գեւորգյանը խնամքով պահպանել է նաեւ մի քանի տասնամյակ առաջ արված ընտանեկան, դպրոցական, աշխատանքային տարիների լուսանկարները, հրատարակված թերթերն ու ամսագրերը: Նա  իր կյանքը կապել է Վաղաշեն գյուղի բնակիչ, թիֆլիսաբնակ հայկական ընտանիքից  սերված Սերգեյ Մարկարյանի հետ, ում սերը եւս շատ ավելի վառ է արտահայտվել գրքի, մշակույթի ու արվեստի հանդեպ: Իսկ այժմ Համեստն ու իր որդի Էրիկը տան հոգսերը հոգալու, տնամերձ հողամասից բերք ու բարիք քամելու  հետ մեկտեղ ժամանակ են գտնում ազգապահպան գործունեություն ծավալելու համար:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]