Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մշակվել է վերելակների նորացման համապարփակ հայեցակարգային փաստաթուղթ

Մշակվել է վերելակների նորացման համապարփակ հայեցակարգային փաստաթուղթ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ներկայում շահագործվում է 5330 վերելակ, որոնց ճնշող մեծամասնությունն օգտագործվում է դեռ խորհրդային տարիներից։ Նրանց նշանակված ծառայության ժամկետը սպառված է՝ գերազանցելով 25, առանձին դեպքերում՝ նույնիսկ 50 տարին։ Վերջին ժամանակներս ավելի հաճախ են դարձել դրանց խափանման դեպքերը, որոնք հաճախ ունենում են ողբերգական վերջաբան։

Վերելակները բնակչության համար լուրջ ռիսկերի են վերածվել եւ դիտարկվում են որպես տեխնածին վթարների, դժբախտ դեպքերի եւ այլ ռիսկերի ծագման հնարավոր հավանական աղբյուրներ։ Մյուս կողմից էլ գործող վերելակների սպասարկման համակարգը չի նպաստում այս հիմնարար խնդրի կարգավորմանը։

Պարտադիր նորմերի պահանջների կատարման եւ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանման համար սահմանված պարտադիր վճարները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, քանի որ դրանցում տարանջատված չէ շենքի միասնական ամբողջական սպասարկման համար պարտադիր իրականացման ենթակա միջոցառումների եւ աշխատանքների յուրաքանչյուրի արժեքի չափը, ինչի արդյունքում վերելակների համար նախատեսված գումարները չեն ծառայում իրենց նպատակին։

Գանձվող գումարների մեջ չի մտնում վերելակի շահագործման ընթացքում մեկ ամսվա ծախսած էլեկտրաէներգիայի գումարը, որի համար բնակիչներն առանձին են վճարում։ Կարգավորված չեն վերելակների պահպանման, ընթացիկ սպասարկման վճարները, ինչի արդյունքում վերելակ շահագործող անձինք չեն կարողանում ապահովել սպասարկում իրականացնող մասնագիտացված կազմակերպությունների կողմից պայմանագրով նախատեսված համապատասխան ընթացիկ աշխատանքները։

Ստեղծված իրավիճակում խնդրի հիմնավոր լուծումը կարող են լինել միայն վերելակները միջազգայնորեն սահմանված անվտանգության պահանջներին համապատասխանող նորմերով նորերով փոխարինելու երկարաժամկետ միջոցառումների ծրագիրը եւ այդ ուղղությամբ հատուկ քաղաքականության իրականացումը։

Խնդրին հիմնավոր լուծում տալու նպատակով արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել «Վերելակային տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման եւ պետական կարգավորման մասին» հայեցակարգը եւ նրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը։

Հիմնավորման մեջ ասվում է, որ հայեցակարգի հիմնական նպատակը բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման տիրույթից վերելակների առանձնացումն է։ Նախագծով վերելակային տնտեսությունը սահմանվում է որպես տնտեսության առանձին ոլորտ։ Հայեցակարգով ներկայացված լուծումների եւ դրույթների շրջանակներում նախատեսվում է նաեւ ընդունել արդիականացված «Վերելակների անվտանգության եւ կուտակային վերելակային ավանդի մասին» ՀՀ օրենքը։

Նախագծով սահմանվում է, որ վերելակների՝ որպես գույքի նոր տեսակի պահպանման, օգտագործման եւ ծառայության ժամկետը սպառվելու դեպքում նոր վերելակով փոխարինման համար շենքերի բնակիչներից գանձվող պարտադիր վճարման ենթակա գումարները կապահովվեն «Կուտակային վերելակային ավանդի» ներդրման միջոցով։ Այդ գումարների կառավարման արդյունքում ստացված եկամուտները ծառայելու են միայն վերելակային տնտեսության խնդիրների լուծմանը։ Նախագծով երաշխավորվում է, որ բնակիչներից կուտակվող գումարները համալրելու են պետական բյուջեն, չեն ենթարկվելու կոռուպցիոն ռիսկերի եւ փոշիացման, երաշխավորված հետ են վերադարձվելու բնակիչներին՝ արդեն նոր վերելակների տեսքով։

Արդյունքում՝ բնակչությունն իր միջոցներով ապահովելու է ինքնաֆինանսավորվող, ինքնածախսածածկվող եւ ինքնավերարտադրվող վերելակային տնտեսություն։ Երեւանի քաղաքապետարանը եւ տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից կամ իրենց բյուջեից այլեւս ստիպված չեն լինի տարեկան զգալի լրացուցիչ ֆինանսական ծախսեր կատարել վերելակների պահպանման համար, ինչի շնորհիվ տնտեսված ֆինանսական միջոցները պետության կողմից կուղղվեն տնտեսության այլ ոլորտների զարգացմանն ու կարիքները հոգալուն։

Արմեն Վարդանյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]