Հասարակական

Շենքերի շինարարության համար սահմանվում են ժամանակակից եւ անվտանգ չափանիշներ

4 րոպեի ընթերցում

Շենքերի շինարարության համար սահմանվում են ժամանակակից եւ անվտանգ չափանիշներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հասարակական շենքերի եւ կառուցվածքների շինարարական նորմերը (ՍՆԻՊ) մշակվել եւ գործողության մեջ են դրվել դեռեւս խորհրդային ժամանակներից եւ, բնականաբար, չեն համապատասխանում նոր պայմաններին։ Ներկայում փոխվել են տարբեր գործառնական նշանակության հասարակական շենքերին եւ շինություններին ներկայացվող պահանջները։ Աշխարհում գերակայող նոր տեխնիկատնտեսական հարաբերությունների պայմաններում տարբեր շենքերի եւ շինությունների նախագծման, կառուցման եւ նպատակային շահագործման նկատմամբ սահմանված են նոր առանձնահատկություններ։

Քաղաքաշինության կոմիտեն մշակել եւ հանրային քննարկման է դրել ՀՇՆ 31—03— «Հասարակական շենքեր եւ շինություններ» ազգային շինարարական նորմերը՝ փոխարինելով մինչ օրս օգտագործվող ՍՆԻՊ 2.8.02—89 «Հասարակական շենքեր եւ կառուցվածքներ» շինարարական նորմերը։

Նոր նորմերը նպատակաուղղված են տարբեր գործառական նշանակության հասարակական շենքերի ու շինությունների ծավալահատակագծային լուծումներին, դրանց հիմնական շենքերի կազմին, հարկայնությանը, սանիտարական պայմաններին, հակահրդեհային միջոցառումներին, տարհանման ուղիներին, բնական եւ արհեստական լուսավորությանը, էներգախնայողության միջոցառումներին, ինժեներական համակարգերին ու սարքավորումներին։ Ընդունվող նախագծով հատուկ ուշադրություն է դարձվում բնակչության սակավաշարժուն խմբերի ազատ տեղաշարժի ապահովմանը, ինչպես նաեւ անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների կարգավորմանը՝ հաշվի առնելով հանրապետության բնակլիմայական պայմաններն ու քաղաքաշինական միջավայրի ձեւավորման առանձնահատկությունները։

Քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած շինարարական նորմերի նախագծում ներառված պահանջները կրում են նորմատիվ բնույթ եւ ենթակա են պարտադիր կիրառման։ Արդյունքում կբարձրացվի նախագծային եւ շինարարական աշխատանքների որակը, կխթանվի նոր տեխնոլոգիաների ներդրումը։

Իրավական նորմով սահմանված պահանջներն ուղղված են ոչ միայն հասարակական նշանակության շենքերն ու շինություններն ըստ գործառական նշանակության շահագործման ժամանակակից պահանջներին համապատասխանության եւ հարմարավետ պայմանների ապահովմանը, այլեւ հուսալիության եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց ներկայացվող պահանջների ու պայմանների սահմանմանը։ Վերոհիշյալ խնդիրները լուծելու համար կսահմանվի շահագործման բնութագրերի որոշման միասնական մեթոդաբանություն։

Նոր նորմերը կնպաստեն շահագործման ընթացքում հնարավոր վտանգների ռիսկերի նվազեցման խնդիրների կարգավորմանը, էներգետիկ ծախսերի նվազեցմանը։ Տարբեր նշանակության հասարակական շենքերի ու շինությունների միկրոկլիմայի համար սահմանված պահանջները կապահովեն շահագործման հարմարավետ պայմաններ։

ՀՀՇՆ 31—03— «Հասարակական շենքեր եւ շինություններ» շինարարական նորմերի նախագծի դրույթները ներդաշնակեցվել են ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության շրջանակներում գործող միջպետական, ԵԱՏՄ, միջազգային եւ Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող համապատասխան նորմատիվատեխնիկական փաստաթղթերի եւ դրանց կիրարկումն ապահովող ստանդարտների հետ։

Արմեն Վարդանյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում