Քաղաքականություն

Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը․ ՀՀ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը․ ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարությանը, որով այդ երկիրը անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը․

«Հուլիսի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ միայն իր երկրի անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, այլև տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն:

Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը:

Թուրքիայի ձգտումը՝ միջամտելու իր հարևան տարածաշրջաններում առկա հակամարտություններին, արդեն իսկ հանգեցրել են այդ տարածաշրջաններում անվտանգության խաթարմանը և անկայունության տարածմանը:

Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը և հաստատում, որ ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն հանդես գալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում