Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Համահայկական շախմատի առաջին մրցաշարն ավարտվեց փակման առցանց արարողությամբ

Համահայկական շախմատի առաջին մրցաշարն ավարտվեց փակման առցանց արարողությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) և Հայաստանի շախմատի ակադեմիան հունիսի 26-ին համատեղ կազմակերպել են Համահայկական շախմատի առաջին մրցաշարի փակման առցանց արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը։

«Վիրտուալ մրցաշարը, որին մասնակցեց շուրջ 520 շախմատասեր աշխարհի 36 երկրից, տեղի ունեցավ սույն թվականի հունիս 8-26-ը ՀՎՀ-ի կրթական ինտերակտիվ հարթակում:

Առցանց արարողության սկզբում ողջույնի ուղերձով հանդես եկան ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ Երվանդ Զորյանը՝ խոսելով մրցաշարի առաքելության և նպատակների մասին, և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ, գրոստմայստեր Սմբատ Լպուտյանը՝ անդրադառնալով շախմատ խաղի ազդեցությանը երիտասարդների ռազմավարական մտածողության զարգացման վրա:

Բացման խոսքից հետո հայտարարվեցին Համահայկական շախմատի մրցաշարի 2020 թվականի երեք չեմպիոնների անունները.

  • առաջին մրցանակակիր. Սարգիս Սարգսյան, 16 տարեկան, Վանաձոր, Լոռու մարզ, Հայաստան,
  • երկրորդ մրցանակակիր. Քըրք Ղազարյան, 14 տարեկան, Կալիֆոռնիա, ԱՄՆ,
  • երրորդ մրցանակակիր. Տիգրան Արզումանյան, 16 տարեկան, Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան:

Բոլոր հաղթողները ստացան պատվոգրեր և հատուկ նվեր քարտեր ՀԲԸՄ ՀՎՀ-ի կողմից:

«Նման մրցաշար կազմակերպելու նպատակը միայն հաղթողներ ունենալը չէր, մեզ համար առավել քան կարևոր էր ստեղծել շախմատասերների աշխարհասփյուռ առցանց համայնք»,- իր շնորհավորական խոսքում շեշտեց դոկտ. Երվանդ Զորյանը:

Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ նաև Վազգեն Յակուբյանը՝ մրցաշարի հովանավոր ՀԲԸՄ Հայաստանի նախագահը:

Մրցաշարը կազմված էր երկու փուլից. տարածաշրջանային հինգ կիսաեզրափակիչ՝ Հայաստան և Արցախ, Ասիա և Օկեանիայի երկրներ, Եվրոպա, Ամերիկա, Միջին Արևելք և Աֆրիկա, այնուհետև եզրափակիչ մրցաշարի երեք տուր: Մրցաշարի հաղթողի տիտղոսը վիճարկեցին տարածաշրջանային կիսաեզրափակիչների և եզրափակչի երեք տուրերի հաղթողները:  Մրցախաղերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հետևել ՀՎՀ-ի շախմատի մուլտմեդիա առցանց դասընթացներին և շախմատի հայ չեմպիոնների հետ շախմատային առցանց դասեր անցկացնել՝ իրենց շախմատային հմտությունները զարգացնելու և խաղերին նախապատրաստվելու համար:

Ներկայացնենք Համահայկական շախմատի մրցաշարի տարածաշրջանային կիսաեզրափակչի հաղթողներին.

Հայաստանի և Արցախի մրցանակակիրներ՝                
1-ին տեղ Սարգիս Սարգսյան, 16 տարեկան, Վանաձոր, Լոռի
2-րդ տեղ – Տիգրան Արզումանյան, 16 տարեկան, Գորիս, Սյունիք
3-րդ տեղ – Մենուա Հակոբյան, 12 տարեկան, Երևան

Միջին Արևելքի և Աֆրիկայի մրցանակակիրներ՝                
1-ին տեղԳևորգ Եղյան, 16 տարեկան, Հալեպ, Սիրիա
2-րդ տեղ Էդուարդ Իսկանդարյան, 14 տարեկան, Բեյրութ, Լիբանան
3-րդ տեղ Արսեն Քենյան, 9 տարեկան, Հալեպ, Սիրիա

Եվրոպայի մրցանակակիրներ՝                
1-ին տեղ Դանիել Կարապետյան-Հակոբյան, 13 տարեկան, Բարսելոնա, Իսպանիա
2-րդ տեղ Դիմիտրիոս Լևոն Զաքարյան, 12 տարեկան, Օքսֆորդ, Միացյալ Թագավորություն

3-րդ տեղ Հենրիկ Սերոբյան

 

Ամերիկայի մրցանակակիրներ՝                
1-ին տեղ Քըրք Ղազարյան, 14 տարեկան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
2-րդ տեղ Սուրեն Ղազարյան, 15 տարեկան, Սասկատչևան, Կանադա
3-րդ տեղ Էթան Բոլդի, 13 տարեկան, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Ասիայի և Օկեանիայի մրցանակակիր՝               

 Շահան Աբու Սայեդ, 9 տարեկան, Նոր Դելի, Հնդկաստան

«Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա մասնակցել ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի կողմից կազմակերպված համահայկական այս մրցաշարին: Ես ձեռք բերեցի բազմաթիվ շախմատասեր ընկերներ, ովքեր ապրում են աշխարհի տարբեր երկրներում», - ասաց մրցաշարի Միջին Արևելքի և Աֆրիկայի առաջին մրցանակակիր Գևորգ Եղյանը:

Փակման արարողությանը մասնակցեցին շախմատի հայ անվանի չեմպիոններ և շախմատասերներ ամբողջ աշխարհից: Հաղթողներին իրենց շնորհավորանքի խոսքը հղեցին շախմատի կրկնակի Օլիմպիական չեմպիոն, գրոստմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը և շախմատի Եվրոպայի կանանց թիմային չեմպիոն, գրոստմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Մրցաշարի մասնակիցներ Էթան Բոլդին ԱՄՆ-ից և Գևորգ Եղյանը Սիրիայից իրենց երախտագիտությունը հայտնեցին կազմակերպիչներին և կիսվեցին տպավորություններով:

Առցանց միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան մասնակցել վիկտորինայի և շահել լրացուցիչ մրցանակներ: Յուրահատուկ անակնկալ էր պատրաստել նաև Հայաստանի շախմատի ակադեմիան: Շախմատի Եվրոպայի կանանց թիմային չեմպիոն, գրոստմայստեր Էլինա Դանիելյանը և Ռուսաստանի կանանց արագ շախմատի չեմպիոն Կարինա Համբարձումովան կայծակնային շախմատի երկու առցանց պարտիա խաղացին: Թեժ մթնոլորտում անցնող պարտիաները վարպետորեն մեկնաբանեցին շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնության փոխչեմպիոն Տաթև Աբրահամյանը և շախմատի ԱՄՆ-ի փոխչեմպիոն Վարուժան Հակոբյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Համահայկական շախմատի 2020թ. մրցաշարի փակման առցանց արարողությունը՝  տեսանյութում․ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]