Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը

ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման 
գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը hունիսի 25-ին հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ շնորհավորեց իր գործընկերոջը պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան նորանոր հաջողություններ իր ստանձնած կարևոր առաքելության մեջ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ի շարունակություն Երևանում հունիսի 19-ին կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի քննարկումներին, մտքեր փոխանակեցին ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծեց Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվեց նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացումը՝ խաղաղ գործընթացի բովանդակային, ռիսկերի նվազեցման և հումանիտար հարցերի շուրջ դիրքորոշումների և մոտեցումների ճշգրտման առումով: 

Նախարարներ Մնացականյանը և Մայիլյանը բարձր գնահատեցին Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև միջազգային և տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացումը՝ որպես լավ հնարավորություն` անդրադառնալու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին և համագործակցության հեռանկարներին:

Նախարարներն անդրադարձան նաև նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությանը և վերջինիս սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am