Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Փոխնախարարն անդրադարձավ առաջին դասարանցիներին գրանցելու համար կեղծ փաստաթղթերի օգտագործման հարցին

Փոխնախարարն անդրադարձավ առաջին դասարանցիներին գրանցելու համար կեղծ 
փաստաթղթերի օգտագործման հարցին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում առաջին դասարանցիների առցանց հայտագրման համակարգը արձանագրել է ծնողների կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործման դեպքեր։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Մենք փորձել ենք շատ մանրակրկիտ ստուգել բոլոր այն տվյալները, որ առաջնահերթություն ունեցողների գրանցման ընթացքում արձանագրվել են։ Ունեցել ենք 6 տասնյակից ավելի դեպք, որոնք հավելյալ ստուգել ենք, օրինակ՝ ազգանունների տարբերության առումով»,- նշեց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում իրենք սերտ համագործակցել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության հետ, և բոլոր այն դեպքերը, որոնց պարագայում ունեցել են ճշգրտելու ավելի լուրջ հիմքեր՝ մանրակրկիտ նայել են։

ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծեց՝ որոշ դեպքերում պարզվել է, որ գործ են ունեցել 2-րդ ամուսնության կամ հայրության ճանաչման գործընթացի հետ։ Եղել են նաև հատուկենտ դեպքեր, երբ փորձ էր արվել խեղաթյուրել փաստաթղթերը, և այդ հայտերն ուղղակի չեղարկվել են։

Անդրեասյանը կոչ արեց առաջին դասարանցիների ծնողներին, որպեսզի այլևս նման փորձեր չանեն, քանի որ համակարգն աշխատում է շատ հստակ, և հնարավոր է պարզել ցանկացած նման քայլ։

Հանրապետության բոլոր այն համայնքներում, որտեղ կա 1 և ավելի դպրոց՝ առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով․ արդեն հայտագրվել է 22 հազար 150 երեխա։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am