Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ֆիլմերի ցուցադրություն, տեսաուղերձներ. Երվանդ Քոչարի թանգարանը յուրովի կնշի արվեստագետի 121-ամյակը

Ֆիլմերի ցուցադրություն, տեսաուղերձներ. Երվանդ Քոչարի թանգարանը յուրովի կնշի 
արվեստագետի 121-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ականավոր քանդակագործ, գեղանկարիչ Երվանդ Քոչարի 121-ամյակի կապակցությամբ հեղինակի թանգարանը, հունիսի 15-ից սկսած, մեկ շաբաթվա ընթացքում հետաքրքիր ծրագրեր կներկայացնի:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Կարինե Քոչարն ասաց, որ «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում իրականացնում են «Ցուցանմուշները շնորհավորում են մաեստրո Քոչարին» նախաձեռնությունը: «Մենք մեր կայքի հետևորդներին խնդրել ենք գտնել Քոչարի՝ իրենց հաճելի կամ սիրելի որևէ ստեղծագործություն, տեղադրել այն իրենց համակարգչի էկրանին և տեսաուղերձով կամ սելֆի + գրառում ձևաչափով շնորհավորել Քոչարի ծնունդը: Դա կլինի նրանց խոսքը՝ ուղղված թանգարանին, արվեստագետին: Այսպես փորձել ենք ինտերակտիվ կապ պահպանել հետևորդների հետ: Մեզ արդեն ուղարկել են որոշ հոլովակներ, որոնք այս շաբաթվա ընթացքում կհրապարակվեն»,-տեղեկացրեց տնօրենը:

Քոչարի 121-ամյակին նվիրված շաբաթվա ընթացքում իրականացվելու են ուղիղ միացումներ, ցուցադրվելու են Երվանդ Քոչարին նվիրված ֆիլմեր:

Կարինե Քոչարը հիշեցրեց, որ 2019 թվականին՝ մաեստրոյի 120-ամյակին, գեղեցիկ երեկո են կազմակերպել «Ազնավուր» կենտրոնում, ինչի համար շնորհակալ է Նիկոլա և Քրիստինա Ազնավուրներին: «Այսօր օնլայն ներկայացնելու ենք այդ օրվան նվիրված տեսաֆիլմը: Նախորդ տարի Ազնավուրի ստեղծագործությունների ներքո ցուցադրում էինք Քոչարի լուսանկարներն ու ստեղծագործությունները: Այսօր երեկոյան՝ 10:30-ին, ներկայացնելու ենք այդ հոլովակը, իսկ վաղը կներկայացնենք Քոչարի ուղերձները՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, նշանավոր մշակութային և քաղաքական գործիչների, Քոչարի արվեստի երկրպագուների կատարմամբ: Չորեքշաբթի  կցուցադրենք «Մաեստրո Քոչարը հուշերի անդրադարձում»  լայնածավալ ֆիլմից հատված, որում ներկայացված են Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Յակով Զարգարյանի  և այլոց հուշերը»,-պատմեց Կարինե Քոչարն ու հավելեց, որ կլինեն հրապարակումներ, որոնցում ֆրանսիական մամուլն է անդրադարձել Երվանդ Քոչարին, կհրապարակվեն արխիվային լուսանկարներ,  արվեստաբանական խոսք և այլն:

ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից: Երվանդ Քոչարը (Քոչարյան) 1918-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1915–18-ին միաժամանակ սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում, 1918–19-ին՝ Մոսկվայի Ազատ գեղարվեստի արվեստանոցների վերջին կուրսում: 1919-ին նկարչություն է դասավանդել Թիֆլիսի հայկական դպրոցներում, 1921-ին՝ բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում:

Հայկական գծանկարչության լավագույն նմուշներից է «Սասունցի Դավիթ» էպոսի հոբելյանական ակադեմիական համահավաք տեքստի հրատարակության նկարազարդումների շարքը, որն առանձնանում է միանգամայն նոր ձևով և գեղարվեստական մեկնաբանմամբ:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am