Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում. Արամ Խաչատրյանի մասին

Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում. Արամ Խաչատրյանի մասին

Ռազմաճակատում թնդում էին հրանոթները։ Հյուրանոցի հինգերորդ հարկի սառն ու փոքր սենյակում Խաչատրյան ազգանունով երաժիշտը խորասուզված էր մտքերի մեջ։ Նա մերթ սեղանին կռացած ինչոր նոտաներ էր գրում, մերթ անհանգիստ աթոռակին նստում, իսկ մատները սահում էին դաշնամուրի վրայով՝ արձակելով «անհամբեր» նոտաներ։ Նրա սենյակում այդ մի դաշնամուրն էր, աթոռակը, սեղանն ու «նոտաները»։...Թատրոն, փորձեր։ «Գայանե» անունով պարտիտուրի վերջին գործողության մեջ հարկավոր էր պարային տեսարան ավելացնել։ Արամ Խաչատրյանը կրկին փակվում է իր սենյակում։ Ընդամենը մի գիշեր, եւ «Սուսերով պարը» պատրաստ էր։ 1942 թ. ռազմաճակատը կրկին թնդում էր հրետանիներով։ Լենինգրադը պաշարված էր։ Այս պատերազմական թվականին թատրոնի վարագույրները բացվել են «Գայանե» բալետի առաջ, որը տեղի ունեցավ Պերմում՝ Կիրովի անվան օպերայի եւ բալետի թատրոնի արտիստների կատարմամբ։ Բեմում՝ մե՛րթ «պարզ» ու «հանգիստ», մե՛րթ «բաբախող», «գլխապտույտ» հնչյուններ։ «Հանգիստ», «մեղմ», ապա «տագնապալից», «Աստծու կրակ» նոտաներ։ Այդ գիշեր Խաչատրյանի երաժշտությունը հերոսականի, արդար պայքարի, հայրենասիրության մարմնավորումն էր՝ որպես աշխատավոր, ազնիվ մարդու, ազատության սիմֆոնիա, իսկ «խելագար» հնչյունները՝ պարային հրավառություն։

Սյունազարդ դահլիճը խաչատրյանական «լայնաշունչ» նոտաներից հետո ողողվել էր ծափահարություններով, իսկ թերթերի հիացական տողերում հայ կոմպոզիտորն էր։ Հաջողությունն այնքան մեծ էր, որ Արամ Խաչատրյանին սկսեցին անվանել «սուսերով մարդ». «Այժմ, երբ պատերազմ է, եւ ամենուր տեղի է ունենում մշակույթի հուշարձանների անօրինակ կործանում, նոր մշակութային արժեքների եւ արվեստի ստեղծագործությունների ծնունդը հատկապես կարեւոր նշանակություն է ստանում»։ Հայ կոմպոզիտորը համոզված էր, որ արվեստը եւս իր ժամանակի կրողը պետք է լինի. «Չէ՞ որ այս պատերազմը ոչ միայն մեքենաների, շարժիչների, տանկերի պատերազմ է, այլեւ երկու մշակույթների՝ առաջադեմ, առաջավոր, ամենահաղթ խորհրդային եւ, այսպես կոչված, ֆաշիստական խավարամոլության եւ անկումային «մշակույթի»։ Ահա թե ինչու համաշխարհային երաժիշտը ստեղծեց հանրաճանաչ «Գայանե», իսկ հետո՝ մյուս անվանի երաժշտական գործերը, որոնք մինչ այսօր զարդարում են Հայաստանի ու աշխարհի օպերային բեմերը։

Այսօր անվանի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է հինավուրց ու երաժշտական Թիֆլիսում, ուր, նրա ասելով, «բավական էր անցնել կենտրոնից քիչ հեռու գտնվող փողոցներով ու նրբանցքներով, որպեսզի մխրճվեիր ամենատարբեր աղբյուրներից ստեղծված երաժշտական մթնոլորտի մեջ...»։ Բնակիչները ժողովրդական երաժշտությամբ են անցկացրել ազգային ծեսերը, տոները, յուրաքանչյուր իրադարձություն, որոնց ականատեսն է եղել պատանի Արամը, եւ որը հետագայում անջնջելի հիշողություն էր դառնալու, ձեւավորելու էր երաժշտական մտածողություն։ Ծնողները եւս երաժշտության հայրենիքից էին՝ Գողթան գավառից, ովքեր հոգատարությամբ են պարուրել իրենց սիրելի որդիներին։ Փոքրիկ Արամի մանկությունն անցել է փողային նվագախմբում շեփոր նվագելով, երաժշտության դասերին անհամբերությամբ է սպասել, իսկ տանը ունեցել է մի հնամաշ դաշնամուր։

Տասնութամյա երիտասարդը, ով պարզապես չգիտեր նոտաները, սկսում է իր երաժշտական ճանապարհը։ Կրթություն է ստանում Մոսկվայի հանրահայտ երաժշտական բարձրագույն հաստատություններում։ Խոշորագույն վարպետների սանը շուտով բացահայտվում է որպես նշանակալից երաժիշտ։ Նրա երաժշտությունը հմայում էր իր անհատական շեշտադրումներով, ճշմարտացիությամբ, հոգեբանությամբ։ Գեղարվեստական այդ տարբեր ժանրերի գործերը բացահայտում էին Խաչատրյանի երաժշտական բազմակողմանի մտածողությունը։ Ստեղծագործելով հեղափոխական ժամանակշրջանում՝ նրա երաժշտությունը դարձավ հերոսական մարդու հավերժական պայքարը հանուն ազատության։ Շատ կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի խաչատրյանական երաժշտությունը լսելի լիներ ամբողջ աշխարհին։ Բավական է նշել նրա «Սպարտակ» բալետը, որը ցնցեց աշխարհն իր մոնումենտալ արվեստով։

Արամ Խաչատրյանի երաժշտական հաջողությունը բարդ, երկարատեւ աշխատանքի արդյունք է։ Նա խստապահանջ կոմպոզիտոր է եղել, ճշտապահ ու լայնախոհ։ Հարկ է միայն նշել, որ Սպարտակի ապստամբության հին պատմությունն ուսումնասիրելու մտադրությամբ նա Իտալիա է մեկնել՝ տեսնելու հին հռոմեական քանդակները, նկարները, շքեղ կառույցները։ «Եթե պետք է մեկ բառով արտահայտել… «Սպարտակի» նշանակությունը, ապա ես ընտրում եմ «այժմեական» բառը»,–գրել է անվանի պարուհի Գալինա Ուլանովան։ Խաչատրյան կոմպոզիտորին թե ինչպես է հաջողվել հին աշխարհը միաձուլել ժամանակակից երաժշտության հետ, որ պարուհու խոսքից մեկ դար անց էլ այն լինի այժմեական՝ դժվար է ասել։ Թերեւս, այս հարցի պատասխանը տալիս է հանրահայտ երգահան Շոստակովիչը. «...Դրա արմատները արվեստագետի տաղանդի, նրա ազգային հիմքի, նրա նորարարական ձգտման եւ դրա հետ մեկտեղ՝ դասական ավանդույթներին նրա հավատարմության երջանիկ զուգակցման մեջ են»։

Չի սխալվել երգահանը «ազգային հիմքի» հարցում։ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները միահյուսված են հայ ժողովրդական երաժշտության երանգներով։ Նա բարձր է գնահատել հատկապես Կոմիտասի երաժշտությունը, ուսումնասիրել է հայկական երաժշտության ակունքները։ «Կարեւոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջեւ, ես մնում եմ հայ...։ Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կստիպենք Եվրոպային եւ աշխարհին լսելու մեր երաժշտությունը։ Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցո՛ւյց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»,–ասել է անվանի հայը։ Ապրելով ու ստեղծագործելով հայրենի սահմաններից այն կողմ՝ երբեք չմոռացավ ոչ իր արմատները եւ ոչ էլ մայրենի լեզուն, այլ հպարտացավ եւ ամբողջ աշխարհին ասաց՝ ես հայ եմ։ «Ես աթեիստ եմ, բայց ես հայ ժողովրդի զավակն եմ, ովքեր առաջինն են եղել, որ ընդունել են քրիստոնեություն, այսպիսով՝ Վատիկան այցելելը իմ պարտքն էր»,–անկեղծացել է անվանի կոմպոզիտորը։

Նա իր պարտքը համարեց երաժշտություն գրել հայկական կինոնկարների ու թատերական ներկայացումների համար, որոնք դարձան արվեստի գործեր, ինչպես՝ «Պեպոն», «Զանգեզուրը»։ «Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում, դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու խորհրդանիշ...»,–հպարտացել է Համո Սահյանը եւ մեծ գրողի հետ՝ հայ ժողովուրդը, իսկ աշխարհի ամենատարբեր անկյուններից շարունակում է լսվել Խաչատրյանի «Դիմակահանդեսը»…

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]