Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս

Ձեռնպահ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց. մասնագետի հորդորը

Ձեռնպահ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց. մասնագետի հորդորը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի ավելացումը մի կողմից կապված է քաղաքացիների վարքագծի հետ, մյուս կողմից՝ ընդլայնվել են լաբորատոր կարողությունները, արագ արձագանքման համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարությունում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նրա խոսքով, կան վարակի դեպքեր ինչպես անհատական, օջախային, այնպես էլ առանձին տնտեսվարողների մոտ: Դրանից բացի, բռնկումների առիթ են դարձել տարբեր միջոցառումներ կազմակերպելը, դրանց մասնակցելը: Դրանց արդյունքում վարակը տարածվել է՝ ձևավորելով նոր օջախներ:

«Թվերի աճն ազդակ է այն մասին, որ պետք է կարողանանք թելադրվող անվտանգության կանոնները հավուր պատշաճի իրականացնենք: Ես շրջում եմ քաղաքում և տեսնում եմ մեր ազգաբնակչության վերաբերմունքը: Օրինակ, դիմակ կրելը: Ի վերջո, պետք է հասկանալ, որ դիմակ կրելը մի բան է, ճիշտ կրելը՝ մեկ այլ բան: Անհրաժեշտ է բոլոր կանոններին ճիշտ հետևել, որպեսզի կարողանանք երկրում իրավիճակը կայունացնել»,-ասաց Լիանա Թորոսյանը:

Լրագրողների այն հարցին, թե ինչու այլ երկրներում, վարակվածության թվերի անկում է նկատվում, իսկ Հայաստանում հակառակ պատկերն է, Լիան Թորոսյանը պատասխանեց, որ այլ երկրներում արվող անհրաժեշտ բոլոր միջոցառումները արվում են նաև մեր երկրում: «Այստեղ կարգապահության հարց է, դրանից բացի համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ ու աչալրջություն: Անկախ նրանից՝ անհատ է, թե կազմակերպություն, յուրաքանչյուրը պետք է իրեն պատասխանատու զգա»,-ասաց նա:

Մասնագետը հորդորում է տկարություն, թուլություն ունենալու դեպքում չհաճախել աշխատանքի: Աշխատանքի գնալու ընթացքում դիմակը կրել ճիշտ ձևով: Պարբերաբար լվանալ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունը: Տարածքները հաճախակի օդափոխել, կոշտ մակերեսները ախտահանել, ջերմաչափվել: «Զերծ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց: Հարգելի քաղաքացիներ, նման միջոցառումները կարող են ձեզ վնասել, նոր օջախների, նոր մահվան դեպքերի պատճառ դառնալ: Այս իրավիճակում հորդորում եմ հնարավորության սահմաններում ձեռնպահ մնալ նման միջոցառումներ անցկացնելուց» ,- հավելեց նա:

Մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ն` առողջացած, 87-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 51594 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 452 նոր դեպք և 81 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է: Այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ