Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սանի և 6 աշխատակցի մոտ հաստատվել է COVID-19․ նրանք մեկուսացված են

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սանի և 6 աշխատակցի մոտ հաստատվել է 
COVID-19․ նրանք մեկուսացված են

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը՝ 6-ն աշխատակից և 9-ը՝ երեխա։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«Մարի Իզմիրլյան մանկատանը 46 հոգի թեստավորվել է։ Նրանցից 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը՝ 6-ը աշխատակից և 9 երեխա։ Այս պահին հաստատությունից որևէ մեկը չի հոսպիտալացվել, քանի որ նրանց մոտ չկան ախտանշաններ։ Ե՛վ աշխատողները, և՛ երեխաներն իրենց լավ են զգում»,- նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ երեկ չէ առաջին օրը դայակներից մեկի ջերմությունը բարձրացել է 37.6 աստիճան, ինչից հետո նրան անմիջապես մեկուսացրել են։

Նախարարի մամուլի խոսնակն ընդգծեց, որ այդ դայակն այժմ գտնվում է տանը, սակայն նրա թեստի պատասխանը դեռևս չկա։

«Այսինքն, վստահ չենք, ինքն է վարակման աղբյուրը եղել, թե ոչ։ Դայակի ջերմությունն այս պահին 37.4 է»,- ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ մայիսի 25-ի առավոտյան տարածքն ախտահանվել է, այս պահին էլ այնտեղ համաճարակաբաններ են աշխատում, ովքեր հրավիրվել են «Արաբկիր» բժշկական համալիրից։

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը խնամք է ստանում 102 երեխա։

Հայաստանում մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  51 594 թեստավորում:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 87 դեպք:  Արձանագրվել է նաև մահվան 39 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Լիլիթ Դեմուրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ