Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Հուլիս

Դիմակի գները չկարգավորելու դեպքում երկրում սոցիալական լարվածություն կսկսվի. Նաիրա Զոհրաբյան

Դիմակի գները չկարգավորելու դեպքում երկրում սոցիալական լարվածություն կսկսվի. 
Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է՝ կորոնավիրուսային իրավիճակում դիմակ ներմուծող կամ արտադրող ընկերությունները գերշահույթով են աշխատում, նա պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում խնդրի վրա: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Զոհրաբյանն այս մասին ասաց Ազգային ժողովում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում:

Զոհրաբյանը նկատեց՝ ամենահեշտ բանն է ասել, թե որևէ հարց որևէ կառույցի մանդատի մեջ չի մտնում, իրավասության շրջանակում չէ և փորձել այդ ձևով ձերբազատվել կարևորագույն, լրջագույն խնդիրներից:  Դիմելով տնտեսական մրցակցութան պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավարին՝ նա ասաց. «Եկեք ընդլայնենք ձեր մանդատը, որպեսզի դուք կարողանաք օրենքով «ականջից բռնել» այն տնտեսավարողներին, որոնք փորձում են այս ֆորսմաժորային իրավիճակում ստանալ մուլտիպլիկատիվ էֆկետով անբարո գերշահույթեր»:

Նրա կարծիքով՝ այն ժամանակ, երբ մոնոպոլիստները դեղատներին մատակարարում էին դիմակներ, և դիմակները վաճառվում էին 20-30 դրամով, նրանք վստահաբար որևէ մեկին լավություն չէին անում: «Նրանք կրկին ունեին իրենց գերշահույթները, իսկ հիմա ունեն հարյուրապատիկ ավել գերշահույթենր: Եվ փետրվարից սկսած դուք ժամանակ ունեիք նրանցից պահանջելու հաշվետվություն, նաև պատասխանատվություն՝ այս անոմալ գերշահույթների համար»,- ասաց Զոհրաբյանը՝ դիմելով ՏՄՊՊՀ նախագահ Գ. Գևորգյանին:

Պատգամավորը նաև որակի համեմատություն է արել: Նախկինում 20-30 դրամով վաճառվող դիմակները , ըստ Զոհրաբյանի, շատ ավելի որակյալ էին, քան հիմա վաճառվողները: Զոհրաբյանի կարծիքով՝ դրանք շատ անորակ են, և ինքը նույնիսկ դրանց վտանգազերծիչ ֆունկցիային չի հավատում:

Զոհրաբյանին անգամ 150 դրամով դիմակ չի հանդիպել: Երեկ կենտրոնի դեղատներից մեկից գնել է 220 դրամով: «Սա ուղղակի անթույլատրելի է: Մենք պետք է հասկանանք, որ այս տրամաբանությամբ յուրաքանչյուր ընտանիք նվազագույնը ամսական 60 հազար դրամ պետք է ծախսի դիմակ գնելու համար: Կամ էլ գրպանից պետք է հանի ճմրթած, կեղտոտ դիմակը, որն ուղղակի վիրուսի բուն է: Կարգավորեք այս ոլորտը, այլապես սա սոցիալական լուրջ լարվածություն է բերելու՝ հաշվի առնելով նաև առողջապահության նախարարի վերջին հայտարարությունը, որ առնվազն 2 տարի դեռ պետք է դիմակներ կրենք: Դե հաշվեք, թե դա ընտանիքի բյուջեի վրա ինչքան գումար է լինելու»,-ասաց պատգամավորը:

Զոհրաբյանն անգամ ականատես է եղել, թե ինչպես են նույն դիմակը երկու հոգով դնում ու հերթականությամբ մտնում դեղատուն:  Նրա կարծիքով՝ գոնե սոցիալապես անապահով ընտանիքները պետք է անվճար դիմակ ստանան:

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ հանրային բաց վայրերում  դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ վայրերում կրելը պարտադիր է: Հայաստանում պաշտպանիչ դիմակների գները հասնում են մինչև 220-250 դրամի:

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ