Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետն արտաքին քաղաքական հարցերի շուրջ խորհրդակցություն են անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին արտաքին քաղաքական հարցերի շուրջ համատեղ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Մասիս Մայիլյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների փոխգործակցության արդյունավետության բարձրացման եւ արտաքին օրակարգի հարցերում ավելի ներառական աշխատանք ծավալելու վերաբերյալ մի շարք հարցեր:
Նախագահ Հարությունյանն ընդգծել է Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացման գործում Հայաստանի Հանրապետության կարեւորագույն դերակատարումը՝ շեշտադրելով, որ այդ ուղղությամբ համատեղ ջանքերը պետք է անընդհատ ավելացվեն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում