Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ապօրինի գույքի 75 տոկոսը պետությանը փոխանցելով՝ անձը չի ազատվի քրեական պատասխանատվությունից

Ապօրինի գույքի 75 տոկոսը պետությանը փոխանցելով՝ անձը չի ազատվի քրեական 
պատասխանատվությունից

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց այն մարդկանց շրջանակը, որոնց ենթադրաբար ապօրինի գույքը կարող է ուսումնասիրության առարկա դառնալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բադասյանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը:

Նախագահը մայիսի 11-ին ստորագրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս և ո՞ր դեպքերում է այդ ապօրինի գույքը դառնալու պետության սեփականությունը:

Նախարարը նկատեց, որ հիմա շատ են խոսում, շահարկում, թե սովորական քաղաքացին կարող է հանկարծ հայտնվել այդ կարգավորման ներքո, քանի որ Ռուսաստանում արտագնա աշխատանք է կատարել, բերել իր եկամուտները: «Նախ ո՞վ է այն մարդը, որի պոտենցիալ ապօրինի ծագում ունեցող գույքի հարցը կարող է քննարկվել: Կան Քրեական օերնսգրքի հոդվածներ, որոնք ազդակ են ծառայելու ուսումնասիրությունը սկսելու համար: Պաշտոնատար անձանց հիմնականում կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունները թվարկված են»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ բռնագանձումը կլինի, եթե կաշառք տալու, ստանալու, փողերի լվացման գործով անձին մեղադրանք առաջադրվի, այդ անձին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի չափը հենց ուսումնասիրությունը նախաձեռնելու պահին չհիմնավորվի իր օրինական եկամուտներով՝ 50 մլն և ավելի դրամով: «Այսինքն՝ պաշտոնատար անձին փողերի լվացման համար առաջադրվել է մեղադրանք, և տվյալ քրեկան գործքի նյութերով երևում է, որ այդ անձը իրականացրել է փողերի լվացում, որը գերազանցում է 100 հազար դրամը, ունի մեծ թվով անշարժ գույքեր, որոնք որևէ կերպով օրինական եկամուտներով չեն հիմնավորվում, այդ գույքի մասով է սկսվում ուսումնասիրությունը»,-ասաց նախարարը:

Նա նաև անդրադարձավ այն դեպքերին, երբ մարդը պաշտոնատար անձ չէ, սակայն նրա գույքի հետ կապված ուսումնասիրություն կարող է սկսվել: «Օրինակ՝ թրաֆիքինգ, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, քրեական ենթամշակույթի հետ կապված: Սրանք են այն հոդվածները, որոնք ևս ազդակ կարող են լինել ուսումնասիրության համար: Այդ բոլոր դեպքերում սկսվում է ուսումնասիրություն»,-ասաց Բադասյանը:

Բոլոր պոտենցիալ ապօրինի գույքերի մասին տվյալները հավաքվում են ուսումնասիրության շրջանակներում: «Այդ տվյալները կարող են գալ քրեական գործից կամ կարող են ուսումանսիրության շրջանակում ձեռք բերվել իրավասու մարմնի կողմից: Դրանք համեմատվում են տվյալ անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց օրինական եկամուտների հետ: Եվ եթե դա օրինական եկամուտներով չի հիմնավորվում, տվյալ անձին առաջարկվում է ներկայացնել հայտարարագիր կամ փաստաթղթեր, որոնցով կարող է հերքվել այդ գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը: Եվ եթե չի հերքվում, ապա կարող է նաև քաղաքացիական հայց ներկայացվել դատարան: Եվ կարող են հաշտության համաձայնագրի շուրջ բանակցություններ գնալ: Հաշտության համաձայնագիրը ենթադրում է, որ տվյալ անձը պարտավոր է իրեն փաստացի պատկանող ամբողջ գույքը հայտարարագրել՝ այդ թվում արտասահմանյան բանկային հաշիվները, և դրա նվազագույնը 75 տոկոսը փոխանցել պետությանը: Պետությունը բավականին մեծ ռեսուրսներ պետք է ծախսի քաղաքացիական գործի շրջանակում: Սա ամենևին չի ազդում քրեական գործի ընթացքի վրա: Սկզբունքն այն է, որ անձը գումար վճարելով չպետք է ազատվի քրեական պատասխանատվությունից»,-ասաց նախարարն ու հավելեց՝ քրեական պատասխանատվության հարցը կարգավորվում է քրեական դատավարության շրջանակում:

Վարչապետի հարցին, թե բանակցություններն ում հետ են վարվում, նա պատասխանեց՝ Գլխավոր դատախազության իրավասու մարմնի, ստորաբաժանման: Ավելանալու է դատախազի տեղակալի հաստիք, որը զբաղվելու է բացառապես այս հարցով: Այդ հաստիքը կլինի մրցութային կարգով: Օրենքի ուժի մեջ մտնելու դեպքում մինչև օգոստոս-սեպտեմբեր ամիսները լինելու են անցումային շրջան, այդ ժամանակ դատախազի տեղակալի և ստորաբաժանման աշխատակիցների մրցույթն է լինելու: Նրանք վերապատրաստվելու են:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]